հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ննգի համայնքը զարգացման միտում ունի. համայնքապետ

Ննգի համայնքը զարգացման միտում ունի. համայնքապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի համայնքը զարգացման միտում ունի։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանը։ Նրա խոսքով՝ պտղատու այգիներով, աղբյուրներով, անտառներով, բազմաթիվ հուշարձաններով հարուստ գյուղում շարունակում են արարել հողին ամուր կառչած ու աշխատասեր ննգեցիները։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է. մեծ թիվ են կազմում խոշոր եղջերավոր անասունները։

«Երիտասարդների մեծ մասը անտառներում վառելափայտի մթերման աշխատանքներ է իրականացնում։ Կան նաև պետական կառույցներում աշխատողներ»,-նշել է համայնքապետը։

Նա իրազեկել է, որ համայնքը 1585 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի։ Այս տարի 35 հեկտար ցորեն ու գարի, 50 հեկտար խոտի ցանքս են կատարել։ Ծովի մակարդակից 850 մետր բարձրության վրա գտնվող գյուղի բնակլիմայական ցուրտ պայմանները թույլ չեն տալիս այստեղ խաղող ու նուռ մշակել։

«ԿԽՄԿ-ն նախատեսում է մեկ ընտանիքի համար հրուշակեղենի արտադրամաս, իսկ մեկ ընտանիքի համար էլ մսի վաճառքի կետ բացել։ Հույս ունենք, որ ծրագիրն իրականություն կդառնա, քանի որ դրա շնորհիվ այդ տնտեսություններն ապրուստի միջոց կունենան, իսկ բնակիչները ստիպված չեն լինի միս գնելու համար հասնել մայրաքաղաք Ստեփանակերտ»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը։

Համայնքապետ Զ. Քամալյանը խնդիրներից առանձնացրեց շուրջօրյա ջրամատակարարումը։ Գյուղը 60 տոկոսով է ապահովված ջրով։

«44-օրյա պատերազմի հետևանքով շուրջ 52 տան տանիք է վնասվել։ ԱՀ Կառավարության ֆինանսավորմամբ 22-ը վերանորոգվել է, իսկ մյուս մասը՝ դեռ ոչ։ Գյուղը գազաֆիկացված չէ, որի անհրաժեշտությունը զգացվում է»,-ընդհանրացրել է համայնքի ղեկավարը։

  • Կիսվել: