երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում

Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրում ավելացնել 12-րդ գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ՝ դրանով նախատեսելով հետևյալ գործողությունները՝

 

ա) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների, ներառյալ՝ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում՝ հողի) նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում,

բ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում,

գ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովում:

Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության կատարման պատասխանատու մարմին նախատեսել ՀՀ արդարադատության նախարարությանը:

  • Կիսվել: