ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահը բարձր է գնահատել օրերս ՊԲ-ի, ուժային մյուս կառույցների, կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը

Արցախի նախագահը բարձր է գնահատել օրերս ՊԲ-ի, ուժային մյուս կառույցների, կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
«Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների ու կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը: Նախագահը իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես:
 
Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով: Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: