ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահ Հարությունյանի ամենագնացը կանգնեց, նա միայնակ իջավ մեքենայից և հարցրեց՝ պատրա՞ստ եք ուս-ուսի կռվենք. կամավորականի հուշերից

Նախագահ Հարությունյանի ամենագնացը կանգնեց, նա միայնակ իջավ մեքենայից և հարցրեց՝ պատրա՞ստ եք ուս-ուսի կռվենք. կամավորականի հուշերից

Կամավոր Հովսեփ Ղազարյանը, կիսվելով որ պատերազմական հուշերով գրել է.

«Հոկտեմբերի 2-3 դժոխային գիշերը ավարտվում էր. Մենուայի ու Արմանի համառումից հետո Աբոյի ու Լյովի հետ անտեր թողնված զինվորների ու կամավորականների նախավերջի խմբին Վահե 1-ից ուղեկցում էինք Վահե 2, իսկ մեր տղեքի մի մասը Մենուայի ու Արմանի ղեկավարությամբ Մադաղիսի անտառներից հանում էին վերջին մոլորվածներին, որ մեր հետևից նահանջեն: Հրաման էինք ստացել՝ թողնել Վահե 1 դիրքը և պաշտպանության անցնել Վահե 2 կամրջի հատվածում: Դեռ մթնշաղ էր, երբ հասանք Վահե 3, Սաքոն ու Արմանը, որ դիրքավորված էին այնտեղ, ձեն տվեցին՝ ո՞վ եք:

-Մենք ենք, տղեք, չկրակեք,- հաջորդեց մեր պատասխանը: Ողջագուրվելուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Վահե 2:

Արևի առաջին շողերը արդեն երևում էին, երբ հասանք այնտեղ և մեր այնտեղ գտնվող տղեքից իմացանք տիրող խուճապային տրամադրության մասին: Դեռ չէինք հասցրել շունչ քաշել, երբ կանգ առավ հրամանատարական վիլիսը և այնտեղից իջած սպան սկսեց հրամաններ տալ: Ճշտող հարցիս, թե նա ով է ու ինչ իրավունք ունի մեզ հրամաններ տալ, նա պատասխանեց՝ այստեղի հրամանատարն է: Տեղանքին դեռ ծանոթ չէի և չգիտեյի՝ արդեն Եղնիկներում ենք, ուստի մտածեցի Մադաղիսի հրամանատարն է: Նախապես իմնալով, թե ինչպես է լքել կռվի դաշտը, մենակ թողելով զորքին, զայրացած էի, ուստի վեճի բռնվեցի հետը: Վեճի թեժ պահին Գեղամը ականջիս տակ շշնջաց, որ սխալվել եմ, ինքը Մադաղիսի հրամանատարը չի այլ Քյոխն է՝ Եղնիկների հերոս հրամանատարը, պետք չի կռվել հետը: Հրամանատարը վեճի վերջակետը դրեց նախադասությամբ՝ ըտենց կռվել եք ուզում, էկեք, գնանք՝ թուրքի դեմը կռվենք:

Հրամանատարին պատասխանեցի, որ պատրաստ ենք կռվել թուրքի դեմ, բայց մեր անմիջական հրամանատարը Քեռին է, վիրավորներ է տարել Դրմբոնի հոսպիտալ, շուտով հետ կգա ու իր հրամանով ամեն ինչ էլ կանենք: Շուտով մեզ հասան նաև մյուս տղեքը՝ Մենուայի ու Արմանի հրամանատարությամբ: Քյոխը ասեց՝ շուտով նախագահն այստեղ կլինի, ինչը մեզ համար անակնկալ էր, քանի որ բոլորը փախչում էին ու վարկյան առաջ սպասում էինք, որ թշնամին կհասնի այդտեղ: Չէր անցել 10 րոպե, երբ նախագահ Արայիկ Հարությունյանի ամենագնացը կանգնեց և նախագահը միայնակ իջավ մեքենայից: Մոտենալով Քյոխին՝ հարցրեց տիրող իրավիճակի մասին՝ արդյոք զորք մնացել է այս հատվածում, ինչին ի պատասխան՝ հրամանատարը, մեզ ցույց տալով, ջղայն տոնով ասեց՝ սրանք են: Նախագահը մոտեցավ ու մեզ դիմեց.

-Տղեք, պատրաստ եք՝ուս-ուսի կանգնել ու միասին կռվել, որ չթողնենք մեր հայրենիքի այս հատվածը թշնամուն մնա:

Մենուան պատասխանեց.

-Պարոն նախագահ, բա դա հա՞րց է, որ տալիս եք:

Օդում կախվածը վտանգի ու լարվածության մթնոլորտը արագորեն ցրվեց Արմանի անժամանակ հումորների արդյունքում: Քիչ անց նաև ժամանեց մեր հրամանատար Քեռին: Արագորեն պլանավորվեց նոր բնագիծ դնելու գործողոթյունը և հատուկ նշանակության ստորաբաժանումների, և կամավորականների ժամանումից հետո համատեղ նոր ճակատ ձևավորվեց ու այդպիսով հյուսիս-արևելյան ուղղությամբ իրավիճակը կայունացավ: Այս լուսանկարը արվեց այդ լարված օրվա ավարտին, երբ որոշում կայացվեց, որ հակառակորդի ձեռքից ճկատի այդ հատվածում նախաձեռնողականությունը վերցնելու համար հաջորդ օրը պետք է հակագրոհի անցնենք, ու մեր ստորաբաժանումը պետք է մասնակցեր այդ գրոհին:

Երեկոյան մեզ բարձրացրեցին Տոնաշենի գերեզմանոց՝ որպիսի այնտեղ գիշերենք, քանզի այն միակ ապահով տեղն էր: Մեր ջոկին, որի հրամանատարը Մենուան էր, բաժին էր ընկել ցանկապատված մի ընտանեկան գերեզմանոց, որտեղ անձրևային եղանակին, բաց երկնքի տակ, ծառերի արանքներում պիտի գիշերեինք:

Ես քնապարկս գցեցի ձախ կողմի տապանաքարին, իսկ Մենուան՝ աջ: Մի տարի առաջ հենց էս պահին էր, Մեն, որ,իմանալով՝ հաջորդ օրը գրոհի ենք ու անպատճառ մեզնից զոհեր են լինելու, դիլխոր հեռախոսիս մեջ մտած միակ խաղն էի խաղում՝ Սուդոկուն , որ ուղեղս անջատվի, կարողանամ քնել, երբ դու, նկատելով եկար նստեցիր կողքս ու ուսով խփեցիր՝ ասելով.

- Ի՞նչ ես դուխդ քցել, սաղ լավա լինելու:

Թեքվեցիր, պայուսակիցդ հանեցիր դեռ Երևանից հետդ բերած կոլան, բացեցիր, ասեցիր.

-Ես գիտեմ՝ ոնց բայեվոյ դուխդ բարձրացնեմ: Կոլայի շշի բացելու փսոցի ձայնից քիչ այն կողմ կանգնած Արմանի աչքերը մթության մեջ լույս տվեցին, քեզ յուրահատուկ հումորով ասեցիր՝ Արման ռադ եղի, էսի Հոսոյի համար եմ բերել:

Էհհ ախպեր ջան, ո՞վ կմտածեր, որ գրոհի ժամանակ առաջինը դու էիր զոհվելու:

Հիմա կոլաներով եկել եմ մոտդ՝ նորից գերեզման, բայց Տոնաշենինը չի...»

 

  • Կիսվել: