ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Можно и даже нужно»: ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի արձագանքը արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին

«Можно и даже нужно»: ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի արձագանքը արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին

«Մենք գնացել էինք մեղադրանքներ ներկայացնելու ռուս խաղաղապահ առաքելությանը՝ ևս մեկ անգամ  շեշտելով, որ Լաչինի միջանցքը իրենց պատասխանատվության գոտին է, այստեղ անվտանգություն ապահովելն իրենց պարտականությունն է։ Մեղադրել ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը Ադրբեջանը խախտում է կոպտորեն, և իրենք որևէ բան չեն ձեռնարկում, հետևապես՝ իրենք չեն իրականացնում իրենց առաքելությունը»,- Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ Արցախի քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների՝ օրերս տեղի ունեցած  հանդիպումից civic.am-ին մանրամասներ հայտնեց  հանդիպման մասնակիցներից մեկը՝ «Վաղվա Արցախ» կուսակցության առաջնորդ Տիգրան Պետրոսյանը։

Ըստ կայքի՝ այս հանդիպումը երկրորդն է, վերջին անգամ Վոլկովի հետ հանդիպում է տեղի ունեցել նաև այս տարվա մարտին՝ Փառուխի դեպքերից հետո։   

Պարոն Պետրոսյանի հավաստմամբ՝ օրերս կայացած հանդիպմանը մասնակցած կին գործիչները շատ ավելի կոշտ բառապաշար են գործածել՝ ասելով. եթե ձեզ այսպես պետք է պահեք, ապա ասեք՝ մենք մեր գլխի ճարը տեսնենք։ «Վոլկովն ամեն կերպ փորձում էր մեղմել սիտուացիան, բայց մենք ասել ենք, որ մեր բողոքն ու գանգատը կոնկրետ իր անձին ուղղված չէ, այլ՝ առաքելությանը։ Մենք շեշտել ենք, որ մեր բարձրացրած հարցերը փոխանցվեն ՌԴ բարձր ղեկավարությանը, որպեսզի վերջինս իմանա հանրության շրջանում առկա դժգոհությունների մասին՝ առ այն, որ մենք բավարար չենք գնահատում իրենց աշխատանքը, բողոքի ակցիա ենք իրականացնելու և միաժամանակ դիմելու ենք միջազգային հանրությանը՝ գերտերություններին, խնդրելով, որ գան, օգնեն, որպեսզի թուրքը մեր նկատմամբ նման լկտիություն չանի, որպեսզի սանձահարեն Ալիևին»,- նշեց Պետրոսյանը։ Իրենց  դիտարկումը՝ օգնության խնդրանքով այլ գերտերությունների դիմելու վերաբերյալ, արցախցի գործչի հավաստմամբ, դուր չի եկել ռուս զինվորականին, իսկ  բողոքի ակցիա անելու և իրենց բողոքն այսպիսով ՌԴ բարձր ղեկավարությանը հասցեագրելու   մասին էլ Վոլկովն ասել է. «Դա ձեր գործն է, можно и даже нужно։ Այսինքն՝ ես հասկացա, որ այդ մարդն ուզում է, որ վերևից հրամանը լինի, բայց չի լինում։ Եվ երբ այդ հրամանը լինի, ինչքան դուք անեք, երկու անգամ շատ ես կանեմ»։  Ճշտմանը՝ այսինքն՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի մակարդակով իջեցվելիք հրամանի մասի՞ն է խոսքը, Պետրոսյանն արձագանքեց. «Այո, այսինքն՝ ինքը քաղաքավարի ձևով մեզ բացատրեց, որ  խաղաղապահ կոնտինգենտը իրավունք չունի թուրքի վրա կրակելու, միայն այն դեպքում իրավունք ունի, երբ իր անձնական կյանքին վտանգ սպառնա։ Մնացած բոլոր առումներով՝ թե՛ տեխնիկապես, թե սպառազինությամբ, թե՛ քանակով, ի վիճակի չեն պատասխանելու»։ Ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարը նշել է, որ այս խնդիրների մասին իրենք մի քանի անգամ հայտնել են իրենց վերադասին։ «Մենք Փառուխի դեպքերից հետո էլ  նամակ ենք ուղղել ՌԴ իշխանությանը՝ Վոլկովի միջոցով, նամակի մեջ մեր մտահոգություններն ենք հայտնել, կոչ ենք արել ավելացնել խաղաղապահ կոնտինգենտը կամ էլ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների, որպեսզի իրենք  այնտեղից, որպես օգնություն, ուղարկեն իրենց խաղաղապահներին։ Այդ կետն իրենց դուր չի եկել, բայց կոնտինգենտը ավելացնելու պահով ասել են, թե իբր քննարկվում է, նույնիսկ հնարավոր է պրոտոկոլ փոխվի և այլն։ Թե ինչքանով է դա ճիշտ՝ ասել չեմ կարող»։ 

Ստացվում է՝ Վոլկովը փաստացի ասել է, որ Ադրբեջանը եթե նորից  զինված սադրանքի դիմի, իրենք անարձագանք են թողնելու, միայն մի դեպքում կարող են արձագանքել, եթե այդ սադրանքը, կրակոցը ուղղված լինի ռուս խաղաղապահին։ Ոչի՞նչ, որ  մեր  հայ զինվորն է այդտեղ զոհվելու։ Մեր այս դիտարկմանը՝ պարոն Պետրոսյանը պատասխանեց՝ վկայակոչելով հանդիպման մասնակից կանանցից մեկի խոսքը. «Կանանցից մեկը տեղին նշեց՝ ստացվում է, որ եթե մեզ, մեր երեխաների վրա գան, դուք իրավունք չունե՞ք կրակելու։ Վոլկովը  մեկ-երկու վայրկյան  հապաղեց և ասաց՝ ոչ, չենք թողնելու նման բան, այդ ժամանակ  կկրակենք։ Սակայն իրենց կանոնադրության մեջ նման բան գրված չէ, եթե նույնիսկ խաղաղ բնակչության վրա լինի ոտնձգություն, իրենք կարող են կրակել, հակահարված տալ։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ աբսուրդային իրավիճակ է»։ Թե հատկապես ինչ կանոնադրության հիման վրա է ռուս խաղաղապահ զորակազմը առաքելությունն իրականացնում և հատկապես ի՞նչ իրավունք ունի անելու կամ չանելու խաղաղապահն իր գորառույթներն իրականացնելիս՝ մնում է չհստակեցված։ Պետրոսյանը նշեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ Արցախում խաղաղապահ առաքելությունը ՌԴ-ի կողմից, այսպես ասած, «աչքաթող անելը»՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։  «Մինչև ուկրաինական պատերազմի ակտիվ փուլը չավարտվի, այստեղ նման իրավիճակ է լինելու։ Ինքս այսպիսի հարց բարձրացրի՝ դուք եկել եք մեզ պաշտպանելու, սակայն եթե մենք ձեզ համար պետք է մանրադրամ լինենք, ապա մենք մեր կանանց և երեխաներին այստեղից հանելու ենք, իմաստ չի ունենալու ձեր այստեղ լինելը, և դուք ստիպված հեռանալու եք այստեղից։ Ինքն էլ ասաց, որ հենց այնտեղ՝ Ուկրաինայում, ամեն ինչ ավարտվի, Ադրբեջանի ականջները ձգելու են։ Սա ոչ միայն Վոլկովի կարծիքն է, այլև ցանկությունը։ Մենք էլ հակադարձել ենք՝ դուք կարող ա տարիներով խրվեք  Ուկրաինայում, մենք էլ էստեղ կպրծնենք։ Վոլկովն ասաց, թե այս քանի օրը նորից են ուղարկել առաջարկ, որպեսզի կանոնադրության մեջ ինչ-որ կետեր փոխվեն, որպեսզի կարողանան զսպել սրանց։ Այս կանոնադրությամբ և այս քանակով, ասում է, ինչքան կարողանում ենք՝ անում ենք»։ 

Հանդիպման մեկ այլ մասնակից՝ «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ, քաղաքական վերլուծաբան Արթուր Օսիպյանն էլ civic.am-ին հայտնեց, որ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերել է  նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված Լաչինի ճանապարհին՝ թե ինչու է Ադրբեջանն այդ ճանապարհը ժամանակից շուտ կառուցում։  Վոլկովն էլ արձագանքել է, թե Ադրբեջանի  կողմից ճանապարհի կառուցումը իրավական հիմք չունի, ՌԴ-ն և ՀՀ-ն իրենց գրավոր համաձայնությունը չեն տվել, և դեռ պետք է դիտարկել՝ արդյոք այդ ճանապարհը համապատասխանո՞ւմ է նախատեսված չափանիշներին, թե՞ ոչ։ «Դիտարկում հնչեց, թե եթե Ադրբեջանն արդեն իսկ կառուցել է ճանապարհը, ապա ինչու ենք մենք արհեստականորեն ժամանակ ձգում։ Ես էլ ասացի՝ արհեստական չէ, դրա համար կա հիմնավոր պատճառ՝ առաջինը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է երեք տարի ժամկետ, դա էլ մեր պրինցիպիալ մոտեցումն է, որ եռակողմ հայտարարության, պայմանավորվածությունների  ամեն մի տառը բծախնդրորեն պահվի։ Եվ բացի դրանից՝ կա այլ խնդիր՝ Ադրբեջանը փորձում է զեղծարարության  միջոցով  հասնել իր ուզածին,  որպեսզի Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծեն, ռուսներին այստեղից հանեն։  Ինչո՞ւ, որովհետև եթե Ուկրաինայում հարցերը ինչ-որ կերպ  կարգավորվեն, ապա ՌԴ-ն չի մոռացել Ուկրաինայի հետ կապված Ադրբեջանի հակառուսական քայլերը։ Հնարավոր է, որ ՌԴ-ն որոշի պատժել Ադրբեջանին, իսկ պատժելու համար Ղարաբաղը հարմար պատճառ է։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է ժամ առաջ այստեղ հարցերը լուծել և ռուսներին տուն ուղարկել։ Իսկ սա ո՛չ մեզ է ձեռք տալիս, ո՛չ ձեզ։  Եթե մենք ընդունում ենք, որ մեր ընդհանուր շահն այն է, որ դուք մնաք այստեղ ու պաշտպանեք մեզ, ապա այդ շահից չի բխում այն, ինչ դուք անում եք»,- մանրամասնեց Օսիպյանը։ 

Հարցերից մյուսն էլ վերաբերել է Արցախի դեմիլիտարիզացիային, որի վերաբերյալ, ըստ Օսիպյանի, իրենք կոնկրետ պատասխաններ չեն լսել։ Հաջորդ հարցն էլ վերաբերել է խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների, նյութատեխնիկական հնարավորությունների, անձնակազմի քանակի ավելացմանը։ Արցախցի գործչի խոսքով՝ իրենք իրենց  մտահոգությունները նախկինում էլ են հայտնել՝ փորձելով նախ «երես երեսի» հանդիպել ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատուների հետ, հասկանալ իրավիճակը, վեր հանել խնդիրներն ու  լուծումներ առաջարկել։ Եվ արդեն իսկ հասունացել էր պահը, երբ պետք էր նաև հրապարակային գործողությունների դիմել, ինչն էլ արել են՝  բողոքի ակցիա կազմակերպելով, պահանջելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝  առաքելության թվակազմի, լիազորությունների ավելացում կամ այլ միջոց՝ իրավիճակին ադեկվատ արձագանքելու համար։ Ըստ Օսպիյանի՝ առայժմ ՌԴ-ի կողմից, խաղաղապահ զորակազմից  արձագանք չկա։ «Բայց կա արձագանք հասարակության կողմից. հասարակությունը սկսել է  ակտիվանալ, պահանջներ առաջադրել։  Այսօր մեր թիվ մեկ զենքը հասարակության համախմբվածությունն է և հրապարակային ճիշտ, գրագետ քայլերը»,- նշեց մեր զրուցակիցը։  

  • Կիսվել: