երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ-ն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահն այցելել են Աբովյանում տեղակայված՝ Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

ՄԻՊ-ն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահն այցելել են Աբովյանում տեղակայված՝ Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մարզի եւ համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության եւ սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի եւ անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները եւ բռնի տեղահանման հետեւանքով առաջացած խնդիրները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: