շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինակ կենալը շատ ա տիժեր, էն էլ շրջափակման վախտը․ թաղավարդցի 64-ամյա տիկին Էլլադան արդեն 54 օր միայնակ է հաղթահարում շրջափակումը, արցունքի միջից էլ վստահ է՝ Արցախը սրան էլ կդիմանա

Մինակ կենալը շատ ա տիժեր, էն էլ շրջափակման վախտը․ թաղավարդցի 64-ամյա տիկին Էլլադան արդեն 54 օր միայնակ է հաղթահարում շրջափակումը, արցունքի միջից էլ վստահ է՝ Արցախը սրան էլ կդիմանա

«Մինակ կենալը շատ ա տիժեր, էն էլ շրջափակման վախտը»- Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի տներից մեկում միայնակ ապրում է 64-ամյա Էլլադա Շահնազարյանը, գյուղի սիրելի՝ Էլլադա ծյոծը (նրան գյուղում այդպես են դիմում)։ Թե տիկին Էլլադան ապրած տարիներով շրջելով մտովի մեզ էլ հետը «վերցնի», կտեսնենք, որ գլխով ինչ ասես չի անցել՝ է՛լ Արցախյան առաջին պատերազմ, է՛լ դժվար տարիներ, է՛լ 44-օրյա պատերազմ։ Հերթական հարվածն էլ պատերազմից հետո էր, երբ Թաղավարդը կիսով չափ անցավ ադրբեջանական ուժերի հսկողության ներքո՝ հենց այդ պահին էլ կես-կես եղավ ծյոծ Էլլադայի սիրտը։ 64 տարեկանում շատ բան տեսած արցախցի կինը մտածում էր՝ էլ ի՞նչ պիտի լինի, որ առավել «տիժեր» լինի, եղավ․ Արցախը շրջափակվեց՝ արդեն 54 օր։

Էլլադա Շահնազարյանը

Տիկին Էլլադան Zarkerak.am-ին էլ է պատմում է իր կյանքի խրոնիկոնը ու այս պատկառելի տարիքում մենակ մնալու պատճառները․ «Մինչև 1997 թիվն աշխատել եմ  Ստեփանակերտի ֆաբրիկաներից մեկում, կար եմ արել, հետո եկել եմ Թաղավարդ․ մաման ծերացել էր, պապան  ծերացել էր, մենակ չէին ապրում՝ եկա պահելու»,- պատմում է՝  երիտասարդ տարիքում նաև ամուսնացած է եղել, բայց հետո ամուսնալուծվել է, զավակներ էլ չի ունեցել ու տարիները նվիրել է ծնողներին։ Այսպես Էլլադան դարձավ հայրական օջախի  ծուխը վառ պահողը, թեև եղբայրներ էլ ունի․ «Երկուսը հեռու տեղ են ապրում, մեկը  քաղաքում՝ Ստեփանակերտում։ Գալիս է բոստանը վարում ենք, քաղում ենք, փայտ է առնում բերում, կտրատում, օգնում է էլի»։

Թաղավարդը

«Ջահել ժամանակ հիվանդացած չկայի։ Հիմա առողջության պրոբլեմներ  շատ ունեմ,  ոտներս  չեմ կարում շատ շարժեմ, ման գամ, այս հասակում խանութ, բան չեմ կարում գնամ։ Երկու խանութ կա մեկը հեռու է՝ Կարմիր շուկայում է, հարևանների երեխաներն են գալիս, հարցնում են՝ ի՞նչ է հարկավոր ծյոծ Էլլադա, փողը տալիս եմ, ինչը հարկավոր է բերում են»,- երբ տիկին Էլլադան պատմում է շրջափակման ու մենակ ապրելու դժվարությունների մասին, առաջինը  առողջությունից  է «նեղսրտում», որը, գուցե, նաև հոգեկան ցավն ու տառապանքը լուռ տանելու հետևանք է։

Առհասարակ, տիկին Էլլադան խնդիրները փորձում է լուռ տանել, նեղություն չտալ կողքիններին, բայց նրանք տիկին Էլլադային լավ գիտեն, նրա  խնդիրներն  ու կարիքներն էլ․ «Հարևաններիս հետ կապը կա։ Գալիս են, ինձ մենակ չեն թողնում։  Ամեն անգամ մի բան  սարքում են, ուղարկում են, ես էլ նույնը։ Հարևանները 3-4-րդ դասարանի երեխեք ունեն, գալիս են հետս նստում են, խոսում են, որ մենակ չմնամ, էրեխու քաղցրությունն էլ տալիս են։ Հետո հայաթը նստում ենք, հարևանների հետ զրույց անում, մոտիկ հարևաններ ունեմ։ Մենակ եմ, բայց շատ մենակ չեմ»,-ասում Էլլադան։ Բայց, երբ տանը ոչ ոք չկա, տիկին Էլլադան սկսում է մտովի մոր հետ շփվել, որը 44-օրյա պատերազմից հետո է մահացել ու հուղարկավորվել Գորիսում․«Կուզեմ մամայի մոտ գնամ, բայց ո՞նց գնամ»։    

Դժվարությունների աչքերի մեջ նայելով՝ շրջափակման 54 անսովոր երկար օրերի ընթացքում Էլլադան էլի շատ բանի մասին է մտորում՝ ինչպե՞ս թոշակը հերիքացնի, ինչպես կտրոնով գնված քիչումիչ ապրանքներով մի քանի օր էլ դիմանա ու ապրի․ «Հունվարի 20-ին տալոնով մի քանի բան առել եմ՝ ձեթ, յուղ, մի  ամսվա համար  առևտուր եմ արել ՝ մի շնչի համար։ Ոչինչ, յոլլա եմ գնում, կհերքիացնեմ, պետք ա հերիքացնեմ»։

Մենակության ու շրջափակման այս օրերին զուսպ է ապրում տիկին Էլլադան, փորձում է համբերությունն էլ հերիքացնել ու չկոտրվել, հույսով քնել ու արթնանալ․ «Դիմանում ենք էլի։ Ամեն առավոտ Աստծուն շնորհակալ եմ,որ այս առավոտ էլ պրծել եմ սովից։ Թուլանալու պահեր էլ  են լինում, բայց ոչինչ էլի դիմանում ենք, բա ի՞նչ անենք»։    

Էլի կդիմանա տիկին Էլլադան, ինչքան որ պետք է՝ թաղավարդցի հայրն ու շեխերցի մայրն իրեն այդպես են դաստիարակել, որ Արցախում ապրողի կամքի ուժը հետն է ծնվում։ Երևի հենց այդ կամքի ուժով էլ Էլլադան դիմանում է, երբ օրը մի քանի անգամ զրկվում է սովորական ապրելու իրավունքից․ «Լույսերը էրկու ժամով անջատում են ցերեկը, գիշերը մի 4 ժամով անջատում են։ Գազն էլ, որ անջատում են, ճաշը փեջքի վրա եմ սարքում, բայց, ախր, փայտն էլ համարյա պրծել ա, դեսից-դենից ճարում ենք, մինչև ձմեռը դուրս կգա, պրոբլեմս էդ ա»,- հիմա սովորականից տաք է հագնվում  Էլլադան․ «էկանոմիա» պիտի անի, ճար չունի, փայտն էլ թանկ է․ «Լավ է, գոնե,  հարևանիս տղան փայտ է կտրում, բերում բարձրացնում է վերև։ Տունս գալացողն ասում է՝ ցուրտ է, ասում եմ՝ ի՞նչ անեմ։ Արև որ լինի, սկի մոռանում եմ, որ ցուրտ է, ամեն օր անհամբեր  արևին եմ սպասում»։  

Էլլադան մեկ արևին է սպասում, մեկ որ հարևանները տան դուռը կբացեն, մեկ էլ որ եղբայրները կզանգեն։ Գոնե այս օրերին չէ՞ր ուզի մենակ չլինել՝ ընտանիքի հետ լիներ․ «Հա, շրջափակման մեջ մենակությունը տխուր բան ա։ Բայց ես մենակ շատ եմ ապրել, սովոր եմ։ Ես ուրիշ տեղ չեմ կարում հարմարվեմ։ Չեմ ուզում, իմ հայրական տունս չեմ թողի, հայրս ու մայր չարչարվել են, էս տունը կառուցել։ Ես իմ գյուղս շատ եմ սիրում, իմ ծնված տեղս է։ Եղբորս տունը օթաղները՝ սենյակները, քիչ են՝ ոնց գնամ, որտե՞ղ մնամ »։

Էլլադայի սիրտն արդեն քա՜նի տարի իր հայրական տան երկու «օթաղին» ու այգուն նայող մեծ «բալկոնին» է կպած, օրը հարյուր անգամ սենյակից սենյակ է մտնում, ինչքան աչքի տեսողությունը թույլ կտա, տան գործերն անում․ «Ափսոս էլ կար չեմ կարում անեմ, հիմա աչքերս լավ չեն տեսնում, բայց տան գործերը կարում եմ անեմ», - այո՛, աչքերը խնայել է պետք է, դրանք հատկապես շրջափակման օրերին հեուստացույցին են գամված, իհարկե, լույս ունենալու քիչ բախտավոր ժամերին․ «Անպայման նայում եմ հեռուստացույց, գիշերվա մինչև 12-ը՝ լուրերը բաց չեմ թողնում։ Մի լավ բանի սպասումով նայում եմ»,- բայց որքան էլ ուժեղ լինի Էլլադան, գիշերվա ժամերը դժվար են անցում, մտքերը խառն են՝ ի՞նչ անենք, բա սենց ո՞նց կլինի․ ու գիշերն արցախյան   փոքրիկ այս  տան տիրուհին մի վախով է քնում․ «Մեկ-մեկ, որ կրակում են ոտքերս դողում են»։

Իսկ լույսը միշտ էլ բացվում է․«Ամեն օր Աստված եմ կանչում, որ մեզ օգնի, չգիտեմ՝ ո՞նց դուրս կգանք էս վիճակից»,- տիկին Էլլադան վստահ է՝ այս վիճակից ինչպես էլ դուրս գալու լինեն, իրենց հայրական տներից դուրս գալու գնով չի լինելու․ «Մեր հողն է, ապրում ենք, ոչ մի տեղ չունենք գնալու, ու՞ր գնանք, ստեղից որտե՞ղ գնանք։ Էս ցրտերն է, էն էլ կդիմանանք, մինչև գարունը գա»։

«Խաղաղություն լինի»․ այս բառերն իր ամենօրյա աղոթքի պես  անգիր է արել թաղավարդցի Էլլադան․ «Ոչ մի բան էլ չեմ ուզում՝ միայն աշխարհին խաղաղություն լինի, բոլ ա։ Ես չգիտեմ էս վիճակն ինչքան կտևի, մենակ թե վերջանա,  այս ժողովուրդն ապրի։ Սոված, ծարավ կկենանք,  ոչ մի բան չենք ուզում, մենակ թե խաղաղություն լինի, մեղք են  մեր էրեխեքը»,- միայն մեր զրուցի վերջում տիկին Էլլադան թույլ է տալիս ինքն իրեն հուզվել, մտքերն ու հույզերը շատ փորփրեցինք, խնդրում ենք, որ ների մեզ։

«Արցախցին կդիմանա, մենակ թե կռիվ չլինի, ամեն ինչի կդիմանանք, չենք ուզում էս, էն, մրգեղեն, քաղցրեղեն,  բան չենք ուզում՝  մենակ խաղաղություն լինի»,- տիկին Էլլադայի այսօրվա միակ երազանքն է։

  • Կիսվել: