ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը. Վարդան Սարգսյան

Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հուսով է, որ թե՛ միջազգային, թե՛ ներհայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների կոչերի շնորհիվ հնարավոր կլինի ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղ հասցնել արդեն 10-րդ օրը սահմանային հատվածում կանգնած հումանիտար բեռով ավտոշարասյունը: Այս մասին նա նշել է օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Նկատելի է բեռների տեղափոխման այս գործընթացի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Լաչինի միջանցքի փակ լինելու և Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ինչպես միջազգային, այնպես էլ ներհայաստանյան հանրության շրջանակում հետաքրքրության և մտահոգությունների իրական աճ: Կարծում եմ՝ այս ամենը կնպաստի Լաչինի միջանցքի ապաարգելափակմանը, որովհետև և՛ օտարերկրյա դեսպանությունների, և՛ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերն այստեղ հնարավորություն տվեցին վերջիններիս իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ Լաչինի միջանցքի փակ լինելու և իրավիճակի մասին ավելի ամբողջական և համապարփակ պատկերացում կազմելու մեջ, ինչը պետք է իր նպաստը բերի մեր հումանիտար նախաձեռնության հաջողությանը, ուղեբեռների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխման գործընթացին»,- շեշտել է նա:

Անդրադառնալով հասարակական և հանրային տիրույթում հարցի շուրջ ակտիվությանը՝ նա շեշտել է, որ օգոստոսի 3-ին եղել է հայտարարություն հումանիտար հարցերով զբաղվող երեք միջազգային կազմակերպությունների կողմից, որտեղ կրկին անգամ մտահոգություններ են հնչել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և կոչ է արվել բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Ընդգծելով շրջափակված Արցախում երեխաների խոցելի լինելու փաստը՝ Վարդան Սարգսյանն ասաց՝ օգոստոսի 4-ին շուրջ քսան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանության և հումանիտար հարցերով, հենց Լաչինի միջանցքի հարևանությամբ իրենց ձայնն  են բարձրացրել ի պաշտպանություն այն երեսուն հազար երեխայի, որ Լեռնային Ղարաբաղում են: «Փաստացի, կարող ենք ասել, որ երեխաներն ամենախոցելի խումբն են այս իրավիճակում: Միջազգային, ինչպես նաև ներհայաստանյան հանրային ուշադրությունը և մտահոգությունների բարձրացումն իրենց դերը կարող են ունենալ այս գործընթացի հաջողության համար»,- եզրափակել է Սարգսյանը:

Ադրբեջանն արդեն 10-րդ օրն է՝ շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

  • Կիսվել: