ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջազգային հանրության որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը․ ԱՀ նախագահ

Միջազգային հանրության որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը․ ԱՀ նախագահ

Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկության դեմ ադրբեջանական նոր հանցագործության՝ շրջափակման դեմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշելու և կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան և, վերջիվերջո, հանգեցնելու էթնիկ զտման: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր հրատապ ուղերձում։

«Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնցից կուզեի առանձնացնել հետևյալները՝

1. Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման:

2. Ադրբեջանում տիրող՝ հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, որի հստակ ապացույցներից են 2020թ. պատերազմով և ընթացիկ շրջափակմամբ դրսևորված մարդկության դեմ հանցագործությունները: Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլև՝ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար:

3. Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման հանցավոր մեթոդները և հետևանքները՝ միևնույն ժամանակ մենք ստիպված հաշվի ենք նստել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևավորած նոր իրողության հետ՝ հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար: Այնուամենայնիվ, մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի ավարտից երկու տարի անց՝ արդեն շրջափակում, այնուհետև՝ լրիվ պաշարում՝ ոտնահարելով ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այլև՝ Եռակողմ հայտարարության բազմաթիվ դրույթներ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի, ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքների և այլ առումներով:

4. Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչները և կողմերի մտահոգությունները, մշտապես դրսևորել ենք մեզ որպես կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայցև ձգտելով պահպանել մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ մեզ հետ՝ միջազգային անպատժելիությունից խրախուսված ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը:

Շրջափակման ողջ ընթացքում մենք հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը: Սակայն մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ո՛չ Եռակողմ հայտարարության, ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք: Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը»,- նշել է Արցախի նախագահը:

  • Կիսվել: