երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հոգացել բռնի տեղահանված արցախցիների կարիքները. Նիկոլ Փաշինյան

Միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հոգացել բռնի տեղահանված արցախցիների կարիքները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունի բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու հարցում, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա միջազգային գործընկերներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին, որ հոգանք բռնի տեղահանվածների կարիքները: Այս փաստը առանձնահատուկ եմ շեշտադրում, որովհետև, ցավոք, մարդկության պատմությունը միշտ ցույց է տվել, որ  նման իրադրություններում չարաշահումները շատ են լինում, ես հատուկ եմ դնում այս հանգամանքը մեր հետագա համագործակցության հիմքում` պրոցեսի թափանցիկություն, հաշվետվողականություն ու հետագծելիություն, որպեսզի ոչ մի դոնորի մոտ երբևէ կասկած չառաջանա, թե գումարն ո՞ւր գնաց, իսկ կասկած առաջանալու դեպքում մեր պետական համապատասխան մարմինները պետք է վերահսկողություն իրականացնեն», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով` ընդդիմախոսներն ու չարախոսներն անընդհատ ընդգծել են, ասել` կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել:

«Պետք է արձանագրեմ, որ միջազգային բոլոր գործընկներներից ստացվող առաջին ազդակը հետևյալն է` ասում են` «մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված փախստական ու կառավարությունն ի վիճակի լինի նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ», իրենք ասում են, թե չեն հիշում նման նախադեպ», - ասաց վարչապետը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են արցախցիներին աջակցելու հարցում:

  • Կիսվել: