հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել. Արցախի Թեմի առաջնորդ

Մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել. Արցախի Թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի շուրջ  ստեղծված իրավիճակին և սթափության կոչ արել: «Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը»,- նշել է նա։

Տեր Վրթանեսի խոսքով՝  այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել – չլինելու, մեր ազգային արժանապատվության կորստի հարցը։
 

«Մեր մեջ այնքան խորն է արմատակալել անտարբերության կործանարար մեղքը, որ մեր երկրի մասնատումը ցավ է պատճառում միայն այդ մասի բնակիչներին և մի խումբ հայրենասեր ու գիտակից մարդկանց։ Մեծ հաշվով այնքան ենք բթացել, որ պատրաստ ենք նույնիսկ այնքան թանկ գնով ազատագրված Արցախը սկուտեղի վրա մատուցել թշնամուն` ի գին մեր «խաղաղ և ապահով» կյանքի»,-նշել է հոգևոր առաջնորդը` հավելելով, որ այսօր թշնամին փորձում է վերջնական կերպով խլել մեր փրկության մակույկը ` Արցախը և հետո մասնատել բուն նավը։

Տեր Վրթանեսը սթափության կոչ է արել  ամենաբարձր պաշտոնյայից մինչև ռամիկ շինական և տեր:

«Հավատացե’ք, ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքի համաձայն սիրով ծառայենք միմյանց (հմմ։ Գաղ. 5:13), այդ ժամանակ Աստված կլինի մեր բարի Նավապետը, իսկ եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ հակառակ (հմմ։ Հռոմ. 8:31)»,-ընդգծել է նա ։

  • Կիսվել: