Մերօրյա Արցախն այլևս ապրում է փոփոխվող տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում. ԱՀ ԱԱԾ-ն ուղերձ է հղել մասնագիտական տոնի առթիվ
Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է.
Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է՝ կոչված լինելով ապահովելու անձի, հասարակության ու պետության անվտանգությունը: Որպես առավել կուռ համակարգ կազմավորվելով արցախյան ազատամարտի տարիներին, ազգային անվտանգության ծառայությունը իր ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետության՝ որպես պետականության կայացման և զորացման գործում, իսկ այսօր այլևս անհնար է պատկերացնել մեր ներքին ու արտաքին անվտանգությունն առանց «Ազգային անվտանգության ծառայություն» պարտադիր բաղադրիչի:
Ցավոք իր պատմության կերտման և պետության կայացման ճանապարհին Ազգային անվտանգության ծառայությունն ունեցել է նաև կորուստներ, մեր շարքերում ծառայել են նվիրյալներ, ովքեր երբեք չեն ընկրկել որևէ ծանրության առջև, միշտ հավատարիմ են եղել տրված երդմանը, իսկ հարկ եղած դեպքում խիզախորեն ու հպարտորեն կյանքը ստորադասել են հայրենիքից ու պետությունից: Իմ շնորհավորանքի և երախտիքի խոսքն եմ հղում մարտիրոսված մեր ծառայակից ընկերների ընտանիքների անդամներին։ Հավերժ փառք ու խոնարհում մեր նվիրյալներին, Ձեր սխրանքները երբեք չենք մոռանա։
Հարգելի ծառայակիցներ, մերօրյա Արցախն այլևս ապրում է անընդհատ զարգացող ու փոփոխվող տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում, Ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրները բազմապատկվել ու դարձել են բազմաբնույթ: Այս ամենին դիմագրավելու և առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար մենք պարտավոր ենք առաջնորդվել նոր, արդիական մոտեցումներով, մշտապես ինքնակատարելագործվել, ինքնակրթվել, ունակ և պատրաստ լինել լրիվ ծավալով իրականացնելու Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքով նախատեսված մեր լիազորությունները:
Ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, Ձեզ ու Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի ու պետականության, ի բարօրություն Արցախի բազմաչարչար ժողովրդի: Շնորհակալ եմ Ձեզ անձնվեր, բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի համար։
Արցախի Հանրապետության Ազգային
անվտանգության ծառայության տնօրեն,
գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան»: