հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բոլոր դժվարությունները միասնաբար հաղթահարելու ենք. Ռուբեն Վարդանյանն Ազատամարտիկների պուրակից ուղերձ է հղել (տեսանյութ)

Բոլոր դժվարությունները միասնաբար հաղթահարելու ենք. Ռուբեն Վարդանյանն Ազատամարտիկների պուրակից ուղերձ է հղել (տեսանյութ)

Շատ կարևոր է, որ կանգնելով շատ լուրջ ճգնաժամի առջև, համախմբվել ենք:

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում  այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Եվ ուրախ  եմ ասել՝  ձեր արձագանքներից ես ամեն օր զգում եմ, որ դուք պատրաստ եք՝ մեզ հետ միասին անցնելու այս ճանապարհը: Ես զգում եմ, որ մենք հասկացել ենք՝ մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը, մեր արժեքները պահպանելն ու պայքարելը ոչ թե ինչ-որ անհասկանալի  բաներ են,  այլ մեր նորմալ, ազատ կյանքի  համար են: Եվ դա մենք պիտի անենք: 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ աշխարհում ամեն տեղ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և ներողություն խնդրել նրանցից, ովքեր մնացել են այստեղ և բաժանված են իրենց ընտանիքներից, ովքեր չեն կարողանում Նոր տարին դիմավորել իրենց ընտանիքների հետ միասին: Դա մեր պայքարի գինն է: Ես վստահ եմ, որ հասկանում եք՝ մենք միասին մեկ նավում ենք և   գնում ենք առաջ: Ուրիշ ճանապարհ չունենք: 

Մեկ ամիս առաջ իմ 13 տարեկան որդու հետ այս պուրակում էինք: Այս նկարների մեր փայլուն տղաները կենդանի հերոսներ են: Մենք պարտավոր ենք իրենց հիշատակի համար շարունակել այն պայքարը, ինչի համար նրանք զոհաբերել են իրենց կյանքը: Ես վստահ եմ գնալու ենք ճիշտ ճանապարհով: 

Իմ երազանքն է, որպեսզի Արցախում համախմբվենք այնպես, որ կարողանանք իրար նայելով ու ժպտալով, ասել՝ այս մարդիկ իսկապես առաջնորդներ են, որոնց մենք հարգում ենք, որոնց հետևից գնում ենք և նրանք օրինակ են մեր կյանքում: Դա առողջ հասարակության կարևոր հիմքերից մեկն է: Ուզում եմ բոլորիս ցանկանալ, որ ուժեղ լինենք, վստահ, որ միասին ենք և գնալու ենք առաջ»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր դժվարությունները միասնաբար հաղթահարվելու են:

 
 

 

  • Կիսվել: