երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք սկսում ենք գիտական համագործակցության և գիտության զարգացման նոր փուլ. Լուսինե Ղարախանյան

Մենք սկսում ենք գիտական համագործակցության և գիտության զարգացման նոր փուլ. Լուսինե Ղարախանյան

Վերջերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի, գիտությունների ազգային ակադեմիայի 16 ինստիտուտների տնօրենների, ոլորտի մի խումբ ներկայացուցիչների միջև։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Ղարախանյանը նշեց, որ ակադեմիայի աջակցությամբ այս տարի համագործակցության տարբեր ծրագրեր են իրականացնելու:

«Մինչև պրն. Սաղյանի հրավերը, նա 2 անգամ այցելել է Արցախ: Ակադեմիայի աջակցությամբ լաբորատորիաներ ենք ներդրել Արցախի գիտական կենտրոնում: Գիտական համագործակցման գործընթացը համակարգելու նպատակով Արցախի գիտական կենտրոնում պրն. Սաղյանի շնորհիվ գործելու է ՀՀ ԳԱԱ ներկայացուցչի հաստիք և նախատեսվում է առաջիկայում բացել «Նարինե պլյուս» կաթնաթթվային մթերքի արտադրություն, և առաջիկա շաբաթվա ընթացքում կլինի բացումը: Արտադրամասը՝ համալրված սարքավորումներով, նվիրել է ակադեմիան:

Այսօր Ադրբեջանը, պետական ամենաբարձր մակարդակով աղվանացման թեզեր առաջ տանելով, փորձում է ջնջել Արցախի հայկական և քրիստոնեական հետքը, բայց մենք պետք է համակարգված, ճիշտ ու թիրախային աշխատանքներ տանենք՝ որպես հակակշիռ այդ թեզերի՝ Ադրբեջանի կողմից նենգափոխվող, մտացածին պատմություններին: Ակադեմիայի արևելագիտության և պատմության ինստիտուտների հետ աշխատում ենք, և ընթացիկ տարվա մայիսին նախատեսվում է մեծ գիտաժողով, որը կրելու է «Աղվանից եկեղեցու էթնիկ պատկանելության հիմնախնդիրները» խորագիրը:

Հանդիպման ընթացքում և վերջում հասկացել եմ, որ Արցախի գիտության բնագծերը ամրապնդվում են, և մենք սկսում ենք գիտական համագործակցության և գիտության զարգացման նոր փուլ, ավելին՝ Արցախի գիտական կենտրոնը մտնում է գիտական գործունեության նոր շրջան:

Ակադեմիայի աջակցությամբ այս տարի սկսվելու է խմելու ջրի որակի հետազոտություն, մեր հայաստանյան գործընկերները Արցախում հանդես են գալու տարբեր դասախոսություններով, պատրաստ են նաև գյուղական համայնքներում բնագիտական առարկաներ դասավանդել: Գիտությունների ազգային ակադեմիայի սփյուռքի բաժինը մեզ աջակցելու է աշխարհի գիտական միտքն ու ներուժը Արցախ բերելու հարցում», - նշել է Լ. Ղարախանյանը:

  • Կիսվել: