չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների. Ռուբեն Վարդանյանը՝ ադրբեջանական ագրեսիաների մասին

Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների. Ռուբեն Վարդանյանը՝ ադրբեջանական ագրեսիաների մասին

Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ Արցախում չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել և դուրս գան այստեղից։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Այս իմաստով և Բերձորի, և մինչ այդ տեղի ունեցած մյուս դեպքերը ցույց են տալիս, որ դա իմ նշանակման հետ չի կապված: Այդ դեպքերը նաև իմ այստեղ գալու պատճառ դարձան, որովհետև ես համարել եմ, որ այդ սադրանքը և այդ մոտեցումը հնարավոր կլինի կոտրել, եթե այստեղ մարդիկ համախմբվեն՝ և Արցախից, և նաև դրսից։
 
Հիմա ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դարձել, դա սպասելի էր: Եթե դուք հիշում եք կառավարության առաջին նիստում հարցերից մեկն էր այն, թե ինչպես ենք մենք պատրաստվում ձմռանը։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների։ Ես եկել եմ այստեղ, որ իմ օրինակով և իմ ընկերների օրինակով, որոնք կանգնած են իմ կողքին, ասենք, որ մենք այստեղից դուրս չենք գալու։
 
Միակ ճանապարհը, որ տեսնում ենք Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով հարաբերություն ունենալու, այն է, որ իրենք պետք է ընդունեն, որ Արցախն անկախ երկիր է լինելու, և մենք պետք է գտնենք բանաձևը, որքան էլ որ դժվար լինի, ապրելու կողք կողքի, բայց՝ առանձին։
 

Արցախում տեղի ունեցած հանրահավաքը իրենց համար զարմանալի էր այն առումով, որ 35-40 հազար մարդ կարող է դուրս գալ հրապարակ։ Իրենք փորձում էին բացատրություն գտնել, թե ինչպես է դա եղել։ Իմ նշանակումն իրենց համար անսպասելի էր։ Հետաքրքրությունը դեպի Արցախ, որ ստեղծվեց և ռուսական, և համաշխարհային մամուլում, և փոփոխությունները, որոնք սկսեցին կատարվել, իրենց համար անսպասելի էր, և իրենք ինչ-որ ձևով պետք է արձագանքեին դրան։ Դա նորմալ է, և մենք պետք է հասկանանք, որ չպետք է ելնենք իրենց կարծիքից, այլ անենք այն, ինչ ճիշտ ենք համարում Արցախի համար։

Իսկ ճանապարհ փակելը կամ գյուղացիներին թույլ չտալն աշխատանքներն անել իրենց հողամասերում, կամ այլ բաներ, ցավոք, մեզ հետ նման բաներ ամեն օր կարող են պատահել: Այն հասկացողությունը, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, սովորել, ապրել, չկա: Մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի։ Մենք ունենք ռազմական դրություն, որը ենթադրում է, որ ամեն ինչ չի կարող հրապարակային արվել։ Ռազմական իրավիճակը մեզնից պահանջում է ավելի զգույշ լինել ինֆորմացիայի հետ կապված հարցերում։ Հավատացեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ Արցախի շահերը պաշտպանենք»,-հայտարարել է Վարդանյանը։

  • Կիսվել: