երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու. Արայիկ Հարությունյան

Մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է ադրբեջանական հարձակման զոհ դարձած երեք ոստիկանների հարազատներին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Նախ, իմ և Հանրապետության իշխանությունների անունից խորին վշտակցություն եմ հայտնում երեկվա ադրբեջանական հարձակման զոհ դարձած երեք ոստիկանների հարազատներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորիս սրտերում:

Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել եմ, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով սույն թվականի փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի շուրջ կազմակերպված հանդիպումներն արդյունք չեն տվել: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու՛՛:

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ ՛՛ադրբեջանական դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում՛՛՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել ՛՛Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին՛՛, ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում ՛՛փոխհրաձգություն է սկսվել՛՛։ Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: