երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք հայտարարել էինք, որ 100 հազար 600 փախստական ունենք. ձեր նշած թվաբանության տարբերությունն ինչպե՞ս կբացատրեք. Փաշինյանը՝ նախարարին

Մենք հայտարարել էինք, որ 100 հազար 600 փախստական ունենք. ձեր նշած թվաբանության տարբերությունն ինչպե՞ս կբացատրեք. Փաշինյանը՝ նախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կոմունալ  և կեցության ծախսերի շրջանակներում  կհատկացվի ևս 950 մլն  դրամ հոկտեմբեր ամսվա շարունակականությունն ապահովելու համար։

«Այս նախագծով հատկացնում ենք նաև 420մլն դրամ՝ 100 հազար դրամ միանվագ սոցիալական  աջակցության ծրագրին։ Նշեմ նաև, որ 40+10 հազարական դրամ աջակցության  ծրագրից արդեն իսկ այս պահին օգտվել է 73.196 անձ, նրանցից 69.190 անձ ստացել է 40+10 հազարական դրամ, իսկ 3997-ը՝  միայն 10 հազարական դրամ աջակցություն։ Կառավարության կողմից հատկացվող գումարը հնարավարություն կտա շարունակելու հոկտեմբեր ամսվա վճարումները և գումար տրամադրել 19 հազար անձի, արդյունքում  կստացվի, որ 40+10 հազար աջակցության ծրագրի շահառուների թիվը կդառնա ավելի քան 92 հազար։ Իսկ 100 հազար դրամների ծրագրին տրամադրվող 420 մլն դրամը մեզ թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումներ և սրանց գերակշիռ մասը անչափահասներ են, որոնց ծնողները երեխաների համար դիմումներ են ներկայացրել։ Ընդահնուր առմամբ, այս ծրագրերի համար առաջարկվում է հատկացնել 1մլդ 370մլն դրամ»,- հստակեցրեց նախարարը։

Նա նաև ավելացրեց, որ ծրագրերին մասնակցելու դիմելիությունը վկայում է այն մասին, որ մեր հայրենակիցներին այդ տեղեկատվությունը հասանելի է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ, քանի՞ հոգի է ստացել 100 հազարական դրամները։

«100 հազար հոգի ստացել է, մնացել է 4200 հոգի, ըստ մեր մշակած տվյալների», - պարզաբանեց Մկրտչյանը։

«Հիմա ձեր ասածը հարց է առաջացնելու․ մենք ասել ենք՝ 100 հազար 600 փախստական ունենք։ Սակայն, հիմա ձեր ասածով ստացվում է, որ նրանց թիվը 104 հազար է։ Այս թվաբանության տարբերությունն ի՞նչ բացատրություն ունի», - հետաքրքրվեց Փաշինյանը։

«Մենք որոշել էինք, որ վճարներ տրամադրեինք 2022 թվականի  շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին, ովքեր չեն կարողացել հետ գնալ։ Նրանց թիվը 4000 չի, ավելի քիչ է», - նշեց նախարարը։

  • Կիսվել: