շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք. Անդրեյ Կովաչև

Մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք. Անդրեյ Կովաչև

Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է.

«Մենք վերջին տասնամյակներում միջազգային հանրության լրջագույն ձախողման ականատեսն ենք: Կային երեք հիմնարար սկզբունքներ, որոնք համաձայնեցվել էին Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ադրբեջանը խախտել է դրանցից երկուսը՝ բազմաթիվ առիթներով օգտագործելով ուժ և ԼՂ ժողովրդին հնարավորություն չտալով իրացնել ինքնորոշման իրենց իրավունքը: Ներկայում մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք: Նախ Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրեց մի շարք կենսական մթերքների և ծառայությունների պակասի, այնուհետև Ադրբեջանի կառավարության կողմից բոլոր մակարդակներով ատելության հռետորաբանությունը և գործողությունները ստեղծեցին թունավոր միջավայր, վախ և հանգեցրեցին ԼՂ հայերի զանգվածային տեղահանման:

Այդ մարդկանց տառապանքները առավել մեծ աշխարհաքաղաքական հաշվարկների հետևանք է, որտեղ Ռուսաստանն արհամարհեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և անցավ Ադրբեջանի կողմը՝ պատժելու հայկական կողմին՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ամրապնդելու համար: ԵՄ-ն պետք է անհապաղ և կայուն ձևով հումանիտար աջակցություն ցուցաբերի բոլոր նրանց, ովքեր տառապում են, և Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել ԼՂ հայերի ապահով վերադարձը և  անվտանգ կյանքը Լեռնային Ղարաբաղում: Այս պայմաններին պետք է հետևեն միջազգային դիտորդները»:

  • Կիսվել: