չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք 5-6 ամիսներին նախանշել ենք այն սկզբունքները, որոնց շուրջ պետք է պատկերացնենք Արցախի ապագան․ Դավիթ Իշխանյան

Մենք 5-6 ամիսներին նախանշել ենք այն սկզբունքները, որոնց շուրջ պետք է պատկերացնենք Արցախի ապագան․ Դավիթ Իշխանյան

Հայաստանի պետությունը պիտի որ Արցախի պետության պաշտպանը լինի, ինչը որ կա։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը։

«Մենք 5-6 ամիսներին նախանշել ենք այն սկզբունքները, որոնց շուրջ պետք է պատկերացնենք Արցախի ապագան այս ընտրություններից հետո։ Այդ սկզբունքները հրապարակել ենք, այդ սկզբունքների շուրջ կառուցել ենք մեր քարոզարշավը։ Այդ սկզբունքները վերաբերում են մեր ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեր պատկերացումներով»,- ասաց նախագահի թեկնածուն։

Նա նշեց, որ քվեարկել է երկրի կայունության համար. «Նաեւ ապագայի, եւ այդ ապագայի կայունությունն ու խաղաղությունը ինչ-որ տեղ պայմանավորված է ՀՅԴ-ի լիարժեք մասնակցությամբ, ինչ կարգավիճակով էլ մեր կուսակցությունը լինի»։

Հարցին՝ ըստ իր կարծիքի՝ Հայաստանի գործող եւ նախկին իշխանությունները ո՞ր թեկնածուին են սատարում, Իշխանյանը պատասխանեց. «Առիթներ ունեցել եմ անցած ամիսներին խոսելու այդ մասին։ Եկեք իշխանություն եւ պետություն հասկացությունը տարանջատենք։ Իմ ընկալմամբ դրանք տարբեր են, եթե որեւէ իշխանավոր գործում է պետական մտածելակերպով, ապա երկրորդական է, թե ՀՀ իշխանությունն ում կարող է պաշտպանել։ Հայաստանի պետությունը պիտի որ Արցախի պետության պաշտպանը լինի, ինչը որ կա։ Երկրորդական է, թե իշխանություններն ում կարող են սատարել»։

  • Կիսվել: