հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտունու շրջանի Աշան համայնքը պատրաստ է նոր վերաբնակիչներ ընդունելու. համայնքի ղեկավար

Մարտունու շրջանի Աշան համայնքը պատրաստ է նոր վերաբնակիչներ ընդունելու. համայնքի ղեկավար

Մարտունու շրջանի Աշան համայնքը պատրաստ է շուրջ 20 նոր վերաբնակիչներ ընդունելու։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը՝ նշելով, որ այս պահին իրականացվում են տների վերանորոգման աշխատանքներ:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո Աշանում վերաբնակություն է հաստատել 5 ընտանիք՝ Շուշիից, Հադրութի շրջանից և Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքից:

«Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Գյուղացիները կատարել են 434 հա աշնանացան, այդ թվում՝ 276 հա գարի և 156 հա ցորեն, ինչպես նաև 12 հա գարնանացան, որից 4,7 հա գարի, 6 հա ցորեն, 1 հա կարտոֆիլ և 0,3 հա այլ բանջարաբոստանային կուլտուրաներ»,- ավելացրել է գյուղապետը:

Ըստ Ա. Բալասանյանի՝ գյուղն ունի բուժկետ, հանդիսությունների սրահ, համայնքապետարան, դպրոց, որտեղ սովորում է 73 աշակերտ, մանկապարտեզ, որտեղ հաճախում է 26 երեխա: Աշանում ջուրը շուրջօրյա է, կա գազ, էլեկտրականություն, հասանելի է համացանցը, գյուղամիջյան ճանապարհները փոքր-ինչ վերանորոգման կարիք ունեն. ծրագրով նախատեսված է, որ պետք է ասֆալտապատում իրականացվի, սակայն ժամկետներ հստակ չկան։ Ա. Բալասանյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում գյուղի մանկապարտեզը վերակառուցել են՝ ԱՀ պետբյուջեի և բարերարների միջոցներով, սակայն այս պահի դրությամբ բանվորներին տրամադրելիք 200 հազար դրամի պակասություն կա:

«Պատերազմի ընթացքում արտերկրում ապրող մեր համագյուղացիները գումարներ են փոխանցել՝ գյուղացիների հոգսերը թեթևացնելու համար: Քանի որ այդ գումարները դեռ չեն օգտագործվել, ավագանու որոշմամբ՝ նախատեսվում է հիմնադրամ բացել, և այդ գումարներով Արցախյան բոլոր պատերազմների հետևանքով զոհվածների գերեզմանները կարգի բերել, ինչպես նաև նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարը վերանորոգել և հուշաղբյուր կառուցել: Այս պահին փաստաթղթային որոշ խնդիրներ կան, ուստի գյուղացիների առաջարկով այդ գումարն ամբողջովին կփոխանցվի մեր համագյուղացի մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանի ընտանիքին՝ բուժման ծախսերը հոգալու նպատակով: Կխնդրեի բոլոր բարի մարդկանց, իրենց աջակցությունը ցուցաբերել երիտասարդ Լենդրուշի կյանքը փրկելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ինչպես նաև նրա նախկին զինծառայողներին, ովքեր մեծ ներդրում են ունենում հայրենիքի նվիրյալի կյանքը փրկելու գործում: Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում գյուղը հինգ զոհ է տվել. վերջերս նրանց հիշատակին գյուղի մանկապարտեզի տարածքում բացվել է հուշատախտակ»,- մանրամասնել է գյուղապետը:

  • Կիսվել: