երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դամասկոսի հունական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորներինը գերազանգել է 60-ը․ SANA

Դամասկոսի հունական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորներինը գերազանգել է 60-ը․ SANA

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի,  իսկ վիրավորներինը՝ 63-ի։ Այս մասին հայտնում է սիրիական SANA  լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ Syria TV-ի թղթակիցը, հղում անելով բժշկական աղբյուրներին, հայտնել է, որ հունական եկեղեցու ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։

Սիրիայի կառավարության մի շարք պաշտոնյաներ այցելել են եկեղեցի և ընդգծել արդարադատության հասնելու և հարձակման մեջ ներգրավվածներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Դամասկոսի նահանգապետը հայտարարել է, որ Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը և ինտենսիվ աշխատում հանցագործության ծագումը պարզելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն:

 

  • Կիսվել: