երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մարդասիրական կոնսենսուսը ԿԽՄԿ-ին թույլ է տվել հումանիտար օգնություն առաքել Լեռնային Ղարաբաղ

Մարդասիրական կոնսենսուսը ԿԽՄԿ-ին թույլ է տվել հումանիտար օգնություն առաքել Լեռնային Ղարաբաղ

Մարդասիրական կոնսենսուս գտնելու հարցում որոշումներ կայացնողների համառ դիվանագիտական ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երկուշաբթի Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռներ է առաքել կարիքավոր մարդկանց: Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում: 

«Մենք ուրախ ենք, որ մարդասիրական օգնության կարիք ունեցող շատ մարդիկ վերջապես կստանան անհրաժեշտ աջակցությունն առաջիկա օրերին»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը: «Առողջապահական կառույցները չունեն դեղորայք։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար։ Նրանք շտապ մշտական օգնության կարիք ունեն՝ կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով։ Կոնսենսուսը թույլ տվեց մեր թիմերին վերսկսել կյանք փրկելու այս աշխատանքը»:

Վերջին շաբաթների ընթացքում ԿԽՄԿ-ն բանակցություններ էր վարել որոշում կայացնողների հետ տարբեր երթուղիներով, ներառյալ՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, այդ շրջան օգնություն հասցնելու տարբերակների շուրջ: Երկուշաբթի սկսված գործողությունը ներառում էր երկու բեռնատար, որոնք միաժամանակ բեռներ էին տեղափոխելու ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով:

«Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական առաքումները ոչ միայն այսօր, այլև առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեր նպատակն է հասնել օգնության կարիք ունեցողներին՝ հետևելով չեզոքության, անկողմնակալության և անկախության մեր հիմնարար սկզբունքներին»,- ասել է Բաուերը:

  • Կիսվել: