երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հոկտեմբերի 31-ին գրանցել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ին։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համատեղ քննարկումների արդյունքում Կանոններում լրացումներ են կատարվել՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք և ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը:

Մասնավորապես, սահմանվել է հետևյալը.

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,

2)  մինչև 2020 թվականի արտադրության է,

3)  չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,

4)  սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում. անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։

  • Կիսվել: