կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք կոնկրետ պահանջ՝ անհապաղ բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. ԱՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք կոնկրետ պահանջ՝ անհապաղ բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. ԱՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք կոնկրետ պահանջ Ադրբեջանին՝ անհապաղ բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արդեն երկրորդ անգամ է քննարկելու Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացող հումանիտար աղետը: Եթե առաջին քննարկման ժամանակ իրավիճակն այս աստիճանին դեռևս չէր հասել, ինչ-որ առումով կարող ենք ասել, որ անվտանգության խորհուրդը  բավարարվել է զուտ  քննարկումներ իրականացնելով, և որքան էլ տարբեր խոսակցություններ կան, որ փաստաթուղթ կամ նախագահական հայտարարություններ էին պատրաստվում ընդունել, որը ձախողվեց, այս անգամ մեր ակնկալիքը, հատկապես  Արցախում ստեղծված  օրհասական իրավիճակում, երբ մարդկային կյանքերի հանդեպ սպառնալիքը առավել է, քան երբևէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք ոչ միայն քննարկում, այլև՝ կոնկրետ բանաձև,  որը ոչ թե կոչ կամ հորդոր  կլինի` ուղղված  Ադրբեջանին, այլ կոնկրետ պահանջ՝ հիմնվելով անվտանգության խորհրդի, պրակտիկայի և ՄԱԿ-ի կանոնադրությամբ անվտանգության խորհրդին տրված լիազորությունների վրա`  անհապաղ ապաշրջափակել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը և վերացնել հումանիտար աղետը՝ փրկելով  Արցախի ժողովրդին վերահաս սովից և կյանքին ու առողջությանը սպառնացող այլ վտանգներից։
 
Կոնկրետ գրականությունը եթե ուսումնասիրում ենք, կա հասարակ բառապաշար, որ եթե օգտագործվում է անվտանության խորհրդի կողմից, ապա բանաձևը  դառնում Է պարտադիր  կատարման։ Ես ակնկալում եմ, որ հենց այս բառամթերքն է օգտագործվելու բանաձևում, որը կնշանակի, որ այն պարտադիր կատարման է և որից Ադրբեջանը խուսափել չի կարող և որի չկատարելու դեպքում` անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով  իրեն վերապահված լիազորություններով և գործիքակազմով պետք  է առաջնորդվի, ինչը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հարկադրանքի կիրառման  այլ գործիքներ»,-մանրամասնել է Գ. Ստեփանյանը։

  • Կիսվել: