կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանական, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձևավորվել է քննչական խումբ։ Մեկ անձ՝ Կ․Շ․-ն, ճանաչվել էր տուժող։

Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել էին Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում էր կայացվել՝ հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձերբակալված վերոնշյալ անձանցից երկուսը՝ Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն,հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են Երևանի քաղաքի Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին։ Տեսնելով տուժող Կ․Շ․-ին՝  քննությամբ դեռևս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել են վերջինիս հետ և, կապված Կ.Շ․-ի պաշտոնեական, քաղաքական գործունեության հետ, Ա․Ղ․-ն և Ն․Ա․-ն, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող Ոստիկանության ծառայողների ներկայությունը, մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաև հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, կատարել են խուլիգանություն։ Դրա ընթացքում նշված երկու անձինք, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել Կ․Շ․-ին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ղ․-ի և Ն․Ա․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Դատարանի որոշմամբ Ա․Ղ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ Ն․Ա․-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Ձերբակալված մյուս 8 անձինք արգելանքից ազատ են արձակվել։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված խուլիգանական արարքներում և բռնությունների կիրառմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև՝ ավտոմեքենայի վնասման, ավտոմեքենայի պահոցից խոշոր գումարի հափշտակության և պետհամարանիշները հանելու հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։   

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: