հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ–ից տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան նորակառույց բնակարան գնել մարզերում

ԼՂ–ից տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան նորակառույց բնակարան գնել մարզերում

Արցախից տեղահանված ընտանիքները Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում հնարավորություն կստանան առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել հիփոթեքով։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր վերանայել է նախկինում ընդունած որոշման չափորոշիչներն ու գումարի չափը։
 
Բանն այն է, որ գործող ծրագրով ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 10 մլն դրամ` հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար։
 
Սակայն որոշ դեպքերում այս սահմանաչափը խոչընդոտում է գույքի ձեռքբերմանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճը։ Որոշման հիմնավորման համաձայն` ծրագրի պոտենցիալ շահառուներ են Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված 4176 ընտանիքներ։
 
Կառավարության համոզմամբ` գնային խիստ սահմանափակումը վերանայելու դեպքում ԼՂ–ից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։
 
2022թ. դեկտմբրի 19-ի դրությամբ վարկավորման հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 50-ի վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել էր 2022 թվականի փետրվարի 17-ին։

  • Կիսվել: