շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է. ՆԳ փոխնախարար

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է. ՆԳ փոխնախարար

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս. «Հումանիտար կենտրոնում» հայտարարեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն, ըստ էության ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից», - ասաց նա։

Արփինե Սարգսյանը նշեց, որ տրվել է մեկ տարի ժամկետով։ «Իհարկե, երկարաձգելու հնարավորությունը ևս նախատեսված է», - ասաց նա։

Արփինե Սարգսյանը նաև հստակեցրեց, թե որ սուբյեկտներին է տրվում այսպիսի կարգավաճակ: Այդպիսի երեք խումբ կա: Առաջին խմբում ներառաված են անձինք, որոնք հաշվառված են ԼՂ բնակչության ռեգիստրում: Երկրորդ խմբում այն անձինք են, որոնք թեկուզ հաշվառում չունեն, բայց նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն: Եվ նաև նրանք, որոնք հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում:

«Բացառություն են այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, որոնք կարող են օգտվել այլ երկրի պաշտպանությունից:

Նշեմ, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է, ըստ էության, որովհետև մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները որևէ գործողություն այս առումով կատարելու պարտականություն չունեն, որովհետև թե՛ օրենքի ուժով ընդհանրապես, թե՛ հատկապես Կառավարության այս որոշման ուժով մեր հայրենակիցներն արդեն իսկ ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով, որոնք ավելի բարձր երաշխիք կնախատեսեն նրանց իրավունքների երաշխավորման հարցում թե՛ ներպետական մակարդակում, թե՛ միջազգային տարբեր ատյանների շրջանակներում»,- ասաց նա:

  • Կիսվել: