շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 150 անձ շարունակում է բուժումը ՀՀ-ում. 24-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 150 անձ շարունակում է բուժումը ՀՀ-ում. 24-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին՝ 114-ին, առավոտից ստացվել են զանգեր, ըստ որոնց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100-հազարական դրամների վճարումը դադարեցվել է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 95 հազար անձի գումարները վճարվել են, մյուսների դիմումներն այս պահին մշակման և ուսումնասիրման փուլում են, այդ թվում՝ անչափահասների դիմումները:

«Այնպես որ, խուճապի մատնվել պետք չէ, գործընթացը շարունակական բնույթ է կրում, և հետագա վճարումները նույնպես կիրականացվեն:

Առաջիկա օրերին էլ նախատեսվում են բնակարանների վարձավճարների և կոմունալ վճարների հետ կապված փոխանցումները»,- ասաց նա, ապա անդրադառնալով թեմայի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին՝ հավելեց. «Տրամաբանորեն, եթե 95 հազարին վճարվել է, մնացած մարդկանց դիմումները մշակման փուլում են, այնպես որ, անհարկի խուճապ պետք չէ [տարածել]»:

Անդրադառնալով առողջապահությանն առնչվող հարցերին՝ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 150 անձ շարունակում է իր առողջության վերականգնումը հայաստանյան բուժհաստատություններում, 24-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: 

Առողջության պահպանման առաջնային օղակներում արդեն իսկ կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 42 հազար մարդ, 333-ը հղիներ են: Շաբաթվա ընթացքում նոր ծնունդներ են գրանցվել, իսկ ծնվածների ընդհանուր թիվը 88 է:

ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրանցից 16363-ն արդեն իսկ հաճախում են հայաստանյան կրթական հաստատություններ: Ըստ այդմ՝ Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4860 երեխա, Կոտայքում՝ 2895, Արարատում՝ 2083, Արմավիրում՝ 2122, Լոռիում՝ 916, Գեղարքունիքում՝ 742, Արագածոտնում՝ 729, Շիրակում՝ 631, Սյունիքում՝ 581, Տավուշում՝ 478, Վայոց ձորում՝ 321 անձ:

  • Կիսվել: