երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ

ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով Հանձնախմբի համակարգողի հետ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից․

«Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ:

Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով:

Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման և անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար՝ բացառելով ֆիզիկական գոյության ու ինքնության սպառնալիքները: Կարևորվել է այդ ուղղությամբ համահայկական կառույցների և անհատների ջանքերի նպատակաուղղված և թիրախային համադրումը։

Անթույլատրելի է համարվել արցախահայության հայրենադարձման հարցի շահարկման և չարաշահման որևէ դրսևորում»:

  • Կիսվել: