շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեհաստանի մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է

Լեհաստանի մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված  մարդասիրական բեռը հասել է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին   Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք  և այլն:

Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց  ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ քայլեր են ձեռնարկել` ապաստան, բժշկական օգնություն և ֆինանսական աջակցություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, այս երևույթի մասշտաբն այնքան մեծ է, որ այլ երկրներ ևս օգնության են հասնում: Մենք ցանկանում ենք ցույց տալ Լեհաստանի աջակցությունը Հայաստանին այս դժվարին իրավիճակում»,-ասաց Գերվելը:

Նրա խոսքով՝  Լեհաստանի կողմից տրամադրված  օգնությունը ներառում է 10 տոննա սննդամթերք և ծածկոցների 200 փաթեթ:

«Ի պատասխան Երևանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կոչի՝ ԼՂ-ից փախստականների հրատապ կարիքների համար Լեհաստանը նվիրաբերում է 200 հազար դոլար»,-հայտնեց Լեհաստանի փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ Լեհաստանը և Հայաստանը սերտ հարաբերությունների երկար պատմություն ունեն, և չէին կարող գործնական  օգնություն չցուցաբերել։

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 630 անձ արդեն ժամանել է Հայաստան, և նրանց 98 տոկոսը արդեն իսկ պաշտոնական հաշվառում են անցել։ Նրա խոսքով՝  գույքագրվել են նրանց կարիքները, որոնց լուծման ուղղությամբ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել և շարունակելու է իրականացնել։

«Բնականաբար, այս հարցում կարևոր է նաև մեր գործընկերների օժանդակությունը՝ հումանիտար աջակցության տեսքով: Նշեմ, որ տարբեր երկրներից արդեն իսկ ունեցել ենք հայտեր, որ մեր գործընկերները պատրաստակամ են ցանկացած կարիքի դեպքում արձագանքել և իրենց լուման ներդնել մեր հայրենակիցների կարիքների բավարարման համար, և Լեհաստանն առաջին պետություններից է եղել»,-մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ հումանիտար բեռը պահեստներ տեղափոխվելուց հետո «Հումանիտար կենտրոն»-ից ստացված ազդակների հիման վրա կբաշխվի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի հավասարության  սկզբունքներով բավարարվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները:

լեհաստան

լեհաստան

 

  • Կիսվել: