շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կյանքն ինչպես որ կա. Երևանում բացվեց Սուրեն Սարումյանի «Ֆոտո-Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը

Կյանքն ինչպես որ կա. Երևանում բացվեց Սուրեն Սարումյանի «Ֆոտո-Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը

Գրող, լուսանկարիչ Սուրեն Սարումյանի «Ֆոտո-Արցախ» գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսում ներկայացված է Արցախ աշխարհն իր ողջ հմայքով: 2015-2020 թվականներին արված աշխատանքներում Արցախի բնությունն է, պատմամշակութային հուշարձանները, արցախցիներն ու նրանց խոհերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին Ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցահանդեսը տևելու է չորս օր:

Սուրեն Սարումյանը լուսանկարչությունը համարում է գեղագիտություն, թվացյալ քաոսում օրինաչափությունների հայտնաբերում, իսկ վավերագրությունը դիտարկում է որպես լուսանկարչությանը հարակից երևույթ:

Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել վեց տարի առաջ, երբ իրեն տեսախցիկ են նվիրել: «Ամոթ էր ունենալ տեսախցիկ, բայց չիմանալ, թե ինչպես են այն օգտագործում: Հենց այդ ժամանակ հետաքրքրություն առաջացավ դեպի լուսանկարչությունը: Շատ գրավիչ է. ասես ամեն անգամ մի նոր գեղագիտական խնդիր կա, որը փորձում ես լուծել, բայց հաճախ լուսանկարում եմ իմ հաճույքի համար՝ նկարելով հիմնականում բնությունը, քանի որ չեմ սիրում բեմադրական լուսանկարչությունը: Դրա համար նույնպես տաղանդ ու երևակայություն է պետք, բայց ավելի հետաքրքիր է նկարել կյանքն ինչպես որ կա»,-նշեց Սարումյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է զգում, երբ դիտում է լուսանկարները, որոնցում ներկայացված շատ վայրեր այլևս Արցախի վերահսկողության տակ չեն՝ նա խոստովանեց, որ չի սիրում խոսել իր հույզերից, բայց հավանաբար բոլոր հայերն էլ այս պահին նույնն են զգում, նույն ապրումներն ունեն:

Քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը, որը հետաքրքրությամբ դիտում էր ցուցանմուշները, ասաց՝ Սուրեն Սարումյանը միայն չի լուսանկարել Արցախի հայտնի վայրերը՝ եկեղեցիները և այլն, նա գտել է այն նրբությունները, որոնք մենք չենք տեսնում: «Անցնելով ձնապատ դաշտով՝ մենք գուցե չպատկերացնենք, որ այդտեղի ծառը ձյան ֆոնին կարելի է հրաշալի ներկայացնել, կամ ինչ-որ հին շինության կողքին մարդու հայացքը, որը ֆիքսել է լուսանկարիչը, կարող է այդքան խորը իմաստ ունենալ: Ես ուրախ կլինեմ, եթե Սուրենը շարունակի իր ունիկալ աչքով նկարել այն ամենը, ինչը հնարավոր է եղել պահպանել Արցախում և այդ նկարները փոխանցենք ապագա սերնդին, որպեսզի նա կարողանա տեր կանգնել իր պապերի ժառանգությանն ու ամեն բան անի մեր հայրենիքի կորսված մասը վերադարձնելու համար»,- շեշտեց Պողոսյանն ու ընդգծեց, որ Սուրեն Սարումյանի լուսանկարները նրա հոգուց են գալիս:

Գնդապետ Սուրեն Սարումյանը հանրությանը հայտնի է որպես Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: Արվեստասերները նրան ճանաչում են որպես «Աբու Բաքր ալ Բաղդադին՝ Շամի Խալիֆը» վեպի և «Ստվերներով լի քաղաքը» պատմվածքների ժողովածուի հեղինակի: Որպես Լուսանկարիչ սա Սուրեն Սարումյանի առաջին ցուցահանդեսն է, սակայն Արցախյան երկրորդ պատերազմի օրերին սոցիալական հարթակներում նրա հեղինակած @photo_artsakh նախագիծը կարճ ժամանակում հայտնի է դարձել նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս:

Ցուցահանդեսը ԱՐՏ PR ընկերության բազմաթիվ ծրագրերից մեկն է՝ արցախյան թեմայով: Դեռևս 2017-ին ընկերությունը հրատարակել է բացառիկ պատկերագիրք՝ «Իմ Շուշի» խորագրով: Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում ներկայացրել է «Շուշիից-Շուշի» լուսանկարների ցուցահանդեսը:

 

  • Կիսվել: