կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կուրկուտ, հնդկահավ և խաշ. ամանորյա ուտեստներ, որոնք միշտ կան արցախցի ընտանիքների սեղաններին. սեփական հողում և այնտեղից հեռու արցախցիները դիմավորել են 2023 թվականը

Կուրկուտ, հնդկահավ և խաշ. ամանորյա ուտեստներ, որոնք միշտ կան արցախցի ընտանիքների սեղաններին. սեփական հողում և այնտեղից հեռու արցախցիները դիմավորել են 2023 թվականը

«Մենք բոլոր տոները  սիրով և ուրախությամբ  անցկացնում էինք Շուշիում, հիմա՝ այդ ամենը տեղափոխվել է Ստեփանակերտ»,- Անուշիկ Առուստամյանն է, Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչպես են Ամանորն անցկացնում Արցախում:

Անուշիկը Երևանից է, ամուսինը՝ Արցախից, նրանք իրենց 5 երեխաների հետ ապրել են Շուշիում, հետո՝ Ստեփանակերտում. «Պատերազմից հետո Ամանորը դիմավորել ենք Երևանում, բնական է՝ այս երկու տարին այն խանդավառությունը չկար, ինչը մինչև պատերազմն էր։ Մինչ 2020 թվականը շատ սիրով էինք դիմավորում տոները,  մեծ խնջույք էինք կազմակերպում, անպայման Ձմեռ պապ էինք կանչում։ Իհարկե այս տարի էլ երեխաների համար նվերներ էինք պատրաստել, էլի Ձմեռ պապ էինք կանչել, բայց դա հիմա անում ենք զուտ սիմվոլիկ, քանի որ երեխաները ոչնչում մեղավոր չեն և պետք է ամեն ինչ անենք, որ իրենց մանկությունն անհոգ ու ուրախ անցնի։ Ինչ էլ, որ լինի այնպես ենք անում, որ երեխաներն իրենց փոքր-ինչ զգան հեքիաթում»։

Ամանորը՝ Երևանում և Արցախում

2021 և 2022 թվականներն Անուշիկը երեխաների հետ դիմավորել է Երևանում, ամուսինն էլ չնայած Ստեփանակերտում գտնվելուն՝ կարճ ժամանակով միացել է ընտանիքին. «2020 թվականին, երբ պատերազմը սկսվեց, ես ու երեխաներս եկանք Երևան, ամուսինս վիրաբույժ է, չկարողացավ մեզ հետ գալ, մնաց Ստեփանակերտում ու շարունակեց իր աշխատանքը: 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը ես ու երեխաներս մնացինք Երևանում, հոկտեմբերից արդեն վերադարձանք Արցախ։ Երկու տարիների ընթացքում ես ու ամուսինս անընդհատ պայքարի մեջ էինք, ասում էր, եթե անգամ մինչև պատերազմը մտքովս անցնում էր Արցախից տեղափոխվել, հիմա բացարձակ դուրս չեմ գալու, Արցախը հիվանդ է, մենք պետք է բուժենք իրեն՝ մեր այնտեղ ապրելով։ Երկու տարի պայքարելուց հետո, ի վերջո, ես էլ երեխաների հետ վերադարձա: 2023 թվականը բոլորով դիմավորեցինք Ստեփանակերտի մեր տանը»:

Ե՛վ Երևանում, և՛ Արցախում տոներն անցնում են գրեթե նույն ձևով, ասում է Անուշիկը, տոնածառ են դնում, զարդարում են տունն ու այդպիսով ստեղծում են ամանորյա տրամադրություն. «Քանի որ մեր ընտանիքը մեծ է, միշտ մեծ սիրով ենք պատրաստվում։ Երեխաներն օգնում են տունը զարդարել, իրենց ձեռքերով փոքր տոնածառներ, խաղալիքներ են պատրատում: Երեխաներիս մոտ տոնական տրամադրությունն օրեր շարունակ պահպանվում է, այդ օրերին նրանց Երևանում տանում էի տոնական ներկայացումների, այստեղ՝ Արցախում էլ չնայած այդքան շատ ներկայացումներ չեն լինում, բայց ինչ էլ որ ցուցադրում են՝ ես իմ հինգ երեխաների հետ բոլորին ներկա եմ»:

Ամանորի գիշերն Անուշիկենց ընտանիքում պարտադիր պայման է ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը։ Ժամը 12:00-ին հավաքվում են սեղանի շուրջ, միմյանց շնորհավորում, նվերներ փոխանցում, ապա գնում  հարևաններին շնորհավորելու. «Ճիշտ է Երևանում այս սովորությունը չէինք պահում, քանի որ այնտեղ հարևանների հետ այդքան էլ մտերիմ չէինք, բայց ահա այստեղ՝ Արցախի գրկում, նորից  Նոր տարվա գիշերն այդ սովորությունը պահում ենք, միմյանց շնորհավորում, մաղթանքներ  ենք ասում, այդպիսի խոսք կա չէ՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այդպես էլ ողջ տարին կանցնի, իսկ ջերմ ու հարազատ միջավայրը՝ տարին լավ անցկացնելու կարևոր նախապայման է»:

Արցախյան  ուտեստներ, որոնք ամանորյա սեղանի անբաժան մաս են կազմում

«Արցախում Ամանորի գիշերը սեղանին դնում ենք այն, ինչ՝ Երևանում: Իհարկե, կան ուտեստներ, որոնք միայն մեզ՝արցախցիներիս են հատուկ. պարտադիր հնդկահավ ենք պատրաստում՝  լցոնած բրնձով, հոնի ախտայով (հոնի չիր) ու սոխառածով, պատրաստում ենք կուրկուտ, որը շատ նման է հարիսային, ամանորի հաջորդ օրը խաշ ենք պատրաստում ու հարազատներով հավաքվում ենք։ Երևանի հետ համեմատած՝ հիմնական ուտեստների տարբերությունը սա է»:

Անուշիկի հինգ երեխաներն էլ նամակներ գրում են Ձմեռ պապին և բացի նվերներից ցանկանում են նաև, ինչպես մայրն է նշում՝ իրենց Արցախի ամրությունն ու անվտանգությունը. «Երեխաներիցս յուրաքանչյուրն ունի իր նախասիրություններն ու երազանքները, ամեն մեկը երազանքի դիմաց գրում է իր անունը, գեղեցիկ ձևավորում ու գցում ինչ-որ փոստատար արկղի մեջ» :

 

Հադրութի Տող գյուղից 71-ամյա Քաջերիկի ու ընտանիքի Ամանորը՝ Երևանում

«Արդեն երրորդ տարին է՝ Ամանորն անցկացնում ենք մեր գյուղից ու տնից հեռու: Հադրութում միշտ տոներն անցնում էին ջերմ ու տաք միջավայրում, գյուղում բոլորը միմյանց հարազատ էին համարում ու տոների ժամանակ էլ ամբողջ գյուղը միասին էր տոնում: Ցավոք, 2020 թվականի պատերազմը խաթարեց մեր ուրախությունը, ստիպված եղա հարսիս ու երեք թոռներիս հետ տեղափոխվել Երևան, տղաս մնաց Ստեփանակերտում, այնտեղ ծառայում է Ոստիկանությունում»:

Արցախցու խոսքով՝ Երևանում Ամանորն այլ է, Արցախում՝ այլ. «Արցախում միշտ ընտանիքի անդամներով, հարազատներով շրջապատված ենք եղել, հիմա բոլորը տարբեր տեղերում են ապրում, ինչքան էլ, որ ցանկանանք, միևնույնն է՝ չենք կարող հավաքվել մեկ հարկի ներքո»։

Երևանում Քաջերիկի ընտանիքը տոնական օրերը սկսել է տոնածառ զարդարելով. «Ամեն ինչ անում ենք, որ այդ մի փոքր ուրախությունը կարողանանք ապահովել երեխաների համար: Թոռնիկներս արդեն հարմարվել են Երևանին, էլ չեն ուզում հետ գնալ, բայց ես չեմ կարողանում, կարոտը քաշում է, Ամանորին ավելի դժվար է այստեղ դիմավորելը, քո տնից հեռու։ Երազումս միշտ տեսնում եմ մեր գյուղը, տունը, մտովի միշտ այնտեղ եմ»:

Քաջերիկի ընտանիքի և հատկապես փոքրիկների Ամանորի ամենամեծ երազանքը կապված է իրենց հայրիկի այցի հետ. «Երեք տարի է՝  երեխաների միակ երազանքն այն է, որ հայրը շուտ գա ու իրենց հետ ապրի, շատ են կարոտում։ Երբ մեծ թոռնիկիս հարցնում եմ, ինչ երազանք ունես, ինչ ես ուզում Ձմեռ պապից,  ասում է՝ ուզում եմ հայրս շուտ գա ու էլ չգնա»։

Իսկ ահա 71-ամյա արցախցու ամենամեծ երազանքը կարելի է կռահել. «Երազում եմ՝ Արցախի հարցը լուծվի, մենք էլ վերադառնանք մեր տուն։ Թող մեր սերունդն այլևս պատերազմ չտեսնի։ Մի երազանք էլ ունեմ՝ հաջորդ Ամանորը դիմավորեմ Հադրութում՝ իմ տանը, ես հավատում եմ, որ այն կատարվելու է»:

  • Կիսվել: