չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կստեղծվի հանձնաժողով՝ ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԱՀ պետական նախարար

Կստեղծվի հանձնաժողով՝ ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԱՀ պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին եւ անելիքներին առնչվող հարցեր, տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքից:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել է ոլորտում պետական քաղաքականության ռազմավարության մեջ:
«2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն կՎտ.ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25 տոկոս: Վերջին 5 տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արձանագրվել է միջին տարեկան աճ 12,8 տոկոսի չափով, ներկայումս այն ապահովում է հարկային եկամուտներ պետբյուջե տարեկան շուրջ 2 միլիարդ դրամի չափով: Էներգետիկ անկախության ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքում ուրույն տեղ ունի նաև սոցիալական բաղադրիչը. ոլորտում ներգրավված է մոտ 500 աշխատող», - իր ելույթում նշել է պետական նախարարը՝ հավելելով, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացում կառավառությունը մշտապես առաջնորդվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությաններով:

Խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և հաշվի առնելով հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մասնագիտական հիմնավորումների հանրային պահանջը՝ պետական նախարարը հայտարարել է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին:
Պետական նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը լինելու է առավելագույնս թափանցիկ, եւ դրա կազմում կընդգրկվեն հասարակական հատվածի, մասնագիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից:

Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը սեղմ ժամկետներում առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի կազմի վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, բնապապահպանության և բնական ռեսուրսների նախարարները, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: