հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կոռնիձորի սահմանային հատվածում ՄԱԿ ԱԽ նիստից հետո էլ իրավիճակը չի փոխվել. Սարգսյան

Կոռնիձորի սահմանային հատվածում ՄԱԿ ԱԽ նիստից հետո էլ իրավիճակը չի փոխվել. Սարգսյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում իրավիճակի փոփոխություն չկա: 23-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում մարդասիրական օգնությամբ 22 բեռնատար:

Արդեն երրորդ տասնօրյակն է սկսվել, ինչ մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը բարկ արևի տակ սպասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասնելու հնարավորությանը՝ այստեղ՝ Հակարի կամրջի հարևանությամբ, Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում։

Բեռներն առայժմ հնարավոր է եղել զերծ պահել փչանալուց. այն ապրանքատեսակները, որոնց պահպանման համար ջերմային հատուկ ռեժիմ է անհրաժեշտ, գտնվում են ավտոմատ հովացման համակարգ ունեցող բեռնատարներում։

Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, արձանագրվեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16֊ի նիստում։

Վարդան Սարգսյան (ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ) - Այս ընթացքում, ցավոք, ադրբեջանական կողմից ականատես եղանք այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը քաղաքականացնելու և անհարկի շահարկումեի փորձերին։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ դեռևս բեռները գտնվում են Կոռնիձոր գյուղի այս սահմանամերձ հատվածում և, ցավոք, դրանց տեղափոխումը ԼՂ դեռ հնարավոր չէ։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում տեղի ունեցած նիստին, ապա, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ հիմնականում մեր միջազգային գործընկերները շատ լավ պատկերացում և գիտակցում ունեն ԼՂ-ում տեղի ունեցող խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը փաստացի աճում է հումանիտար աղետի. և այս առումով կարծում եմ, որ միջազգային հանրության կողմից հստակ քայլերի և գործողությունների անհրաժեշտությունը ավելի ու ավելի տեսանելի է դառնում։

Աղբյուրը՝ 1lurer.am:

  • Կիսվել: