Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողի նպատակն Արցախում ժողգործիքների ուսուցմանը նպաստելն է
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, թառահար Թադևոս Եդիգարյանը «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել 4 թառ ու 2 քամանչա, որոնցով այժմ սովորում են Սայաթ Նովայի անվան քոլեջի և Հադրութի երաժշտական դպրոցի սաները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թադևոս Եդիգարյանը նշել է, որ մինչև կոնսերվատորիա ընդունվելը, անձամբ դասավանդելով Հադրութի երաժշտական դպրոցում,երեխաների մոտ մեծ հետարքրքություն է նկատել ավանդական այս նվագարանների նկատմամբ:
«Դեռ 10 տարեկանից հաճախել եմ Մարտակերտի երաժշտական դպրոց՝ թառ բաժին:
Փորձում եմ իմ ներդրումն ունենալ երաժշտական այս գործիքների նկատմամբ հատուկ ուշադրություն ստեղծելու, հետաքրքրությունը վերականգնելու գործում:
Երբ ստացա աջակցությունը, դեռ դասավանդում էի Հադրութի երաժշտական դպրոցում, սակայն չունեինք երաժշտական գործիքներ: Այդ պատճառով դժվարությունների առաջ էինք կանգնում, նյութն այդքան էլ ընկալելի չէր աշակերտների համար: Այդուհանդերձ զգում էի, թե նրանք որքան են հետաքրքված: Ուստի դիմեցի հիմնադրամին և աջակցեցին: Ձեռքբերված թառերը ու քամաչաներն այժմ տրամադրված են Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան քոլեջին և Հադրութի երաժշտական դպրոցին»,-ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակ ունի կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադառնալ Արցախ՝ ստեղծելու ժողգործիքների խմբակներ և ներդրում ունենալու երաժշտարվեստի զարգացման գործում: