ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Կանաչ ժամ հայկական եկեղեցին ամբողջությամբ ավերելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Կանաչ ժամ հայկական եկեղեցին ամբողջությամբ ավերելու փաստը. Բեգլարյան

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավերելու փաստը: Վերանորոգման քողի տակ նրանք եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու համար պատմությունը և վերացնելու հայկական հետքերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը:

Պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են նրա հայկական լինելու հանգամանքը:

Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը:

Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»,- գրել է Բեգլարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից. վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու:

  • Կիսվել: