երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խնածախ համայնքում խաղահրապարակ է կառուցվել

Խնածախ համայնքում խաղահրապարակ է կառուցվել

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի բակում «Բարի Արցախ» խմբի աջակցությամբ խաղահրապարակ է կառուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանի խոսքով՝ խաղահրապարակը սպասված նվեր էր գյուղի բոլոր երեխաների համար:

«Գաղափարը կյանքի է կոչվել արմատներով Լուսաձոր գյուղից Յաշա Պետրոսյանի և ռուսաստանաբնակ մի խումբ երիտասարդների ջանքերով: Դպրոցն 94 աշակերտ ունի, ովքեր մասնակցում են առարկայական տարբեր խմբակների և առավոտյան ժամը 09:00-ից գրեթե մինչև 18:00-ը գտնվում են դպրոցում: Ուստի նպատակահարմար էր խաղահրապարակը կառուցել հենց դպրոցի բակում»,-ասել է տնօրենը:

Նրա տեղեկատվությամբ՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո գյուղի կրթօջախ է հաճախում նաև տեղահանված 38 աշակերտ, իսկ ուսուցչական կոլեկտիվը համալրվել է 6 մանկավարժով՝ տեղահանված Քարին տակ, Ավետարանոց, Շեխեր գյուղերից:

Ըստ տնօրենի՝ չնայած իրենց մեծ ցանկությանը, իրենց կրթօջախում հնարավոր չէ ներդնել «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, քանի որ բացակայում են համապատասխան պայմանները. Խնածախի դպրոցը կառուցվել է 1934 թվականին և տիպային չէ:

  • Կիսվել: