Խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ չեն փարատվել ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները․ Փաշինյան
ԼՂ-ում տեղակայված խաղաղապահների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությւոնները կոպտորեն խախտում են նոյեմբերի 9-ին եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացմամբ, սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն բոլոր ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ 2021թ-ի նոյեմբերի 26-ի և 2022թ-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային և կարևոր ներդրումը։
«Ադրբեջանի նախագահը ճանաչել է տարածաշրջանում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգաային հստակ երաշխքիների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։