կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու

Խաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու

Ռուս խաղաղապահների անձնուրաց եւ  պրոֆեսիոնալ գործողություններն օգնել են խուսափել ավելի մեծ թվով զոհերից Արցախում հակամարտության էսկալացիայի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Շնորհակալություն եմ հայտնում մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, անձնազոհ եւ պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնել են խուսափել ավելի մեծ թվով զոհերից։ Խաղաղապահների ուժերով տուժածներին եւ կարիքավորներին ցուցաբերվել է համակողմանի բուժօգնություն»,- ասել է նա ՌԴ Զինված ուժերի ղեկավարների հետ սելեկտորային խորհրդակցության շրջանակում։

Շոյգուի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ստեղծվել է բլոկային մոդուլային քաղաք արդիական սարքավորումներով, ավտովիրակապարան՝ վիրաբուժական օգնության հնարավորությամբ, ինչպես նաեւ վիրաբուժական մոդուլ՝ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակով։ «Հատուկ բժշկական ջոկատի կազմի մեջ են մտել տարբեր մասնագիտությունների տեր բժիշկներ»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Շոյգուն տեղեկացրել է, որ Արցախի ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչներ, ներառյալ 32 հազար երեխաներ, տարհանվել են Հայաստանի տարածք ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: