շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կատարվողը ոճրագործություն է. Վիվեկ Ռամասվամին՝ Արցախի հայաթափման մասին

Կատարվողը ոճրագործություն է. Վիվեկ Ռամասվամին՝ Արցախի հայաթափման մասին

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արմատներով հնդիկ մասնակից, հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին արտաքին քաղաքականության իր տեսլականի մասին լրագրող Թաքըր Քարլսոնին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել արցախահայության բռնի տեղահանմանը և Արևմուտքի բնակիչների կողմից այս հանցագործության թերի իմացությանը:

Նշելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին՝ նա պնդել է, որ Ուկրաինան և Ադրբեջանն ԱՄՆ-ում հզոր լոբբի ունեն, իսկ Հայաստանը՝ ոչ: «Տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչո՞ւ չենք լսում սրա մասին: Որովհետև Վաշինգտոնում Ադրբեջանի լոբբին նույնքան արդյունավետորեն է գործում, որքան Ուկրաինայինը: Լրագրողը խնդրել է թեմային անծանոթ հեռուստադիտողների համար բացատրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Կատարվողը ոճրագործություն է: 100.000-120.000 քրիստոնյա հայեր քշվում են Հայաստան մի տարածքից, որը նրանց համար տուն է եղել շատ երկար ժամանակ: Ոճրագործությունների զգալի հատվածը դեռևս չլուսաբանված է մնում արևմտյան մեդիայում,» – փաստել է քաղաքական գործիչը:

Վիվեկ Ռամասվամին շարունակել է. «Վաշինգտոնում ադրբեջանական հզոր լոբբին կափարիչ է դրել այս թեմայի վրա: Այն պատշաճ չի լուսաբանվում, ինչի պատճառով էլ շատ ամերիկացիներ այս խնդրի մասին երբևէ չեն լսել»:

«Անվերջորեն լսում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներթափանցման մասին և «ճիշտ կողմի» կողքին կանգնելու անհրաժեշտության մասին: Նախ, ես մերժում եմ այն միտքը, թե Ուկրաինան առանձնակի լավն է, բայց նույնիսկ եթե այդպես լիներ, ինչու պետք է մի դեպքում բարոյական վրդովմունք ունենալ, իսկ մյուս դեպքում, որը տեղի է ունենում աշխարհագրորեն Ռուսաստանին մոտ գտնվող ևս մեկ տարածքում, չունենալ», – շեշտում է նա:

Ըստ հանրապետական թեկնածուի՝ բարոյական վրդովմունքներն առկա են ամբողջ աշխարհում, բայց ճանաչում են ստանում միայն նրանք, որոնք մեդիայի և երկու կուսակցություններում առկա հաստատությունների կողմից համապատասխան են համարվում ամերիկյան հասարակության համար: Նախագահի թեկնածուն հավելել է, որ հենց այս խնդիրները լուծելու համար է դրել իր թեկնածությունը: Ըստ Ռամասվամիի՝ թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, տարբեր լոբբիստների ազդեցությամբ են գործում:

«ԱՄՆ-ին այնպիսի առաջնորդներ են հարկավոր, որոնք կդատապարտեն աշխարհի ցանկացած կետում կատարվող ոճրագործությունները», – ընդգծել է նա: Ռամասվամին, որը 38 տարեկան բիզնեսմեն է և նոր է մեկնարկել քաղաքական կարիերան, հայտարարում է, որ քաղաքականություն է մտնում «գնված և կառավարվող» համակարգին վերջ տալու համար: 

  • Կիսվել: