հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարծում եմ՝ ռուս խաղաղապահներն ի զորու են այս խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է. Արմեն Խաչատրյանը՝ Լաչինի միջանցքի մասին

Կարծում եմ՝ ռուս խաղաղապահներն ի զորու են այս խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է. Արմեն Խաչատրյանը՝ Լաչինի միջանցքի մասին

«Հարցը նրանում է, թե միջազգային ճնշումներն արդյոք բավարար կլինեն, որպեսզի Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա: Այս պահի դրությամբ դեռևս ցավոք սրտի ճանապարհը մնում է փակ, սա առաջացնում է այն իրավիճակը, որ մեր աշխատանքները ևս ավելի ակտիվ պետք է լինեն և պետք է շարունակություն ունենան, որպեսզի ամեն կերպ ուժեղացնենք միջազային ճնշումն Ադրբեջանի վրա»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը խոսեց նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին. «Մի շարք ուղղություններով է աշխատանքներ իրականացվում, այդ թվում նաև՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ, և իհարկե պահանջներ կան ռուս խաղաղապահներին, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց հարց է առաջանում՝ արդյոք կարողանում են լուծել, թե՝ ոչ: Կարծում եմ, որ ռուս խաղաղապահներն ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է: Խաղաղապահ առաքելությանը նախ և առաջ գնահատական է տալիս Արցախի բնակչությունը, և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը: Հիմա իրենց առջև դրված է կարևորագույն խնդիր՝ Լաչինի միջանցքի անվտանգությունը և ազատ երթևեկությունն ապահովել, խաղաղապահների ամենակարևոր գործառույթներից մեկը հենց սա է: Այսօր այդ գործառույթը խաթարվել է և խաղաղապահները դեռևս չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել: ՀՀ իշխանությունների կողմից իհարկե գնահատական է հնչել, որ խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունները կատարել, սա փաստական իրականության գնահատական է: Նրանց մոտ էլ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ նաև, որ նրանք հնարավոր է մի շարք երկրների ճնշման տակ են: Մի բան պարզ է՝ Լաչինի միջանցքը միանշանակ պետք է բացվի ու բացվելու է առանց նախապայմանների»:

  • Կիսվել: