երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առեւանգված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին

Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առեւանգված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին։ Վերջիններս Ադրբեջանի կողմից արգելանքի են վերցվել սեպտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։

«Փաստինֆո»-ն փորձեց ԿԽՄԿ-ից ճշտել, թե արդյոք տեսակցել են վերոհիշյալ անձանց, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է, թե ոչ, ինչին ի պատասխան ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ այս հարցի շուրջ դեռևս որևէ հրապարակման ենթակա տեղեկություններ չունեն և որևէ մեկնաբանություն չեն կարող տալ։

«Սա այն թեման է, որ չափազանց կոնֆիդենցիալ է, ես չեմ կարող ընթացակարգերով կիսվել։ Մենք թիվ և ընթացակարգ չենք հրապարակում։ Եթե տեսակցություն լինում է՝ ապա հաստատում ենք, ասում ենք՝ այո տեսակցել ենք, եթե նման բան կա, կամ ասում ենք՝ այո, կապ եղել է հարազատների հետ, եթե նման բան եղել է։ Այս դեպքում ՝ չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել այդ հարցը։ Ամեն դեպքում հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։

Հարցին, թե այցելե՞լ են արդյոք սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում այլ գերեվարվածներին և կարո՞ղ են ասել, թե քանի նոր գերեվարված անձինք կան՝ տիկին Ամատունին հայտնեց, որ տվյալները հավաքագրում են ։

«Կարող եմ ասել, որ ձերբակալված անձանց հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք չենք կարող նաև տեղեկություն հայտնել, թե խոսքը քանի անձանց մասին է, բայց կարող եմ ասել, որ մենք ընդունում ենք ու գրանցում այն մարդկանց, ովքեր փնտրում են իրենց հարազատներին, ենթադրում են, որ նրանք կարող են լինել ձերբակալված»։

  • Կիսվել: