չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ինձ անհայտ է, թե ինչ չափորոշիչներով է արտահայտվել իմ լիազորությունների դադարեցումը. ԱՀ գյուղնախարարը իր պաշտոնանկության մասին

Ինձ անհայտ է, թե ինչ չափորոշիչներով է արտահայտվել իմ լիազորությունների դադարեցումը. ԱՀ գյուղնախարարը իր պաշտոնանկության մասին

 ԱՀ գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Նորայր Մուսայելյանը հայտարարությամբ է հանդես եկել իր պաշտոնանկության կապակցությամբ:

«Սիրելի հա՛յ ժողովուրդ, թանկ ու հարազատ Արցախահայությու՛ն, հաշվի առնելով, որ միշտ բաց ու անկեղծ եմ եղել Ձեզ հետ, պահպանելով ազնվության, թափանցիկության, թիմային աշխատանքի բոլոր սկզբունքները ու չնայած ինձ անհայտ է, թե ինչ չափորոշիչներով է արտահայտվել իմ լիազորությունների դադարեցումը, այնուամենայնիվ տեղեկացնում եմ Ձեզ, որ ԱՀ գյուղատնտեսության նախարարի իմ լիազորություններն ավարտված են:

Իմ պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում համատեղ ջանքերով կյանքի ենք կոչել բազմաթիվ ծրագրեր, անժխտելի է այն փաստը, որ հետպատերազմյան շրջանում ոլորտի յուրաքանչյուր աշխատակից ամենայն պատվով կրեց իր առջև ծառացած խնդիրները՝ հասկանալով, որ հայ ազգը թուլանալու և ընկճվելու իրավունք չունի, որքան էլ մեր երկիրը լինի թուլացած և խոցված:

Արնաքամ մորը որդին իրավունք չունի թողնել ու հեռանալ, մնա՛լ, խնամել, առողջացնել է պետք: Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ԱՀ Նախագահին, արցախահայությանը ծառայելու ինձ տրված հնարավորության և վստահության համար: Շնորհակալություն եմ հայտնում կառավարության իմ բոլոր գործընկերներին, գործընկեր բոլոր կառույցներին, գյուղոլորտի բոլոր աշխատակիցներին, նախարարության իմ գործընկերներին, քանզի մեր մի շարք աշխատանքներ հնարավոր չէր իրականացնել առանց ցուցաբերված գործընկերային վերաբերմունքի, առանց միասնական ջանքերի: Ասելիքները շատ են, սակայն ներկա իրականությունը մեզ պարտադրում է միայն ու միայն ծառայել հայրենիքին ու ժողովրդին:

Համոզված եմ, որ միասնաբար շարունակելու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, քանզի Արցախը հո՛ղ չէ, Արցախը հայրենիք է, որ հունցված է հերոս քաջորդիների, սրբասուրբ նահատակների, ազգիս ոսկե սերնդի չլերդացո՛ղ արյամբ, հոսո՛ղ, հրամայո՛ղ արյամբ: Եվ եթե յուրաքանչյուրս իր գործը կատարի անխոնջ նվիրումով և խոր պահանջատիրությամբ, ապա անպայման կհասնենք գերագույն նպատակին՝ Հայրենիք-տան կառուցմանը: Եվ ուրեմն, ի՛ զեն, ի՛ գործ, ի՛ բարօրություն Արցախ աշխարհի...»,- նշել է նախկին նախարարը:

  • Կիսվել: