երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ է լինելու արցախցիների վարկերի հետ. Բանկերը գույքագրում են սկսել

Ինչ է լինելու արցախցիների վարկերի հետ. Բանկերը գույքագրում են սկսել

Բռնի տեղահանված արցախցիների վարկային պարտավորությունների հարցն օդում կախված է. կառավարությունը դեռ չի որոշել, թե ինչ է լինելու տնից-տեղից զրկված մեր հայրենակիցների վարկերի հետ։

Ինչպես արդեն հայտնի է՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ընդդեմ 9 ամիս պաշարման մեջ գտնվող Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետեւանքով, Արցախը հայաթափվեց եւ ավելի քան 100 հազար հայ գաղթել է Հայաստան։ Նրանցից շատերն ունեցել են վարկային պարտավորություններ. ով տուն ու մեքենա է ձեռք բերել, ով փորձել է բիզնես սկսել, գյուղատնտեսությամբ զբաղվել, ով էլ՝ ուղղակի օրվա կարիքները հոգալ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԿԲ նախագահին՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ է լինելու արցախցիների վարկային պարտավորությունների հետ, արդյոք համաներում կհայտարարվի, սակայն ԿԲ-ն, պարզվեց, այս հարցի պատասխանը չունի։ «Առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած և հնարավոր այլ խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն»,- հայտնել են ԿԲ-ից։

Ինչ վերաբերում է հարցին, թե այս պահին քանի արցախաբնակ քաղաքացի ունի վարկային պարտավորություն ու որքան է այդ գումարն, ընդհանուր առմամբ, կազմում՝ ԿԲ-ն կրկին տեղյակ չէր՝ նշելով, որ առանձնացված վիճակագրություն Կենտրոնական բանկը չի վարում և չի կարող տրամադրել նման ցուցանիշներ։

  • Կիսվել: