չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
«Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են արցախցի երիտասարդների հետ. ներկա էր ԱՀ նախագահը

«Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են արցախցի երիտասարդների հետ. ներկա էր ԱՀ նախագահը

«Քաղաքացիական միացյալ դաշինք» (ՔՄԴ) կուսակցության նախաձեռնությամբ «Քննարկումների ակումբ» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող «Կարկառ» ճամբարում կազմակերպվել է «Համոզելու արվեստը» խորագրով քննարկում:

«Արցախպրես»-իթղթակցի հաղորդմամբ՝ քննարկումը վարում էր ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
 
Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ նման հանդիպումները կարևոր են, որպեսզի արցախցի երիտասարդներն առաջին իսկ ձեռքից իմանան, թե ինչ է կատարվել 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
 
Նրա խոսքով՝ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են ընձեռնում երիտասարդներին՝ նոր հմտություններ, գիտելիքներ և փորձ ձեռք բերելու:
 
Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենց այցն Արցախ պայմանավորված է ԱՀ հռչակման 29-րդ տարեդարձի հետ, որի շրջանակներում փորձել են հանդիպումներ ունենալ ԱՀ ԱԺ պատգամավորների և երիտասարդների հետ:
Լ. Մակունցը տեղեկացրել է, որ սեպտեմբերի մեկի առթիվ էլ մասնագիտական գրքեր են նվիրաբերել ԱՀ ԱԺ գրադարանին՝ հույսով, որ այն բաց է լինելու նաև ուսանողների համար:
 
«Այսօր մենք արցախցի երիտասարդների հետ զրուցելու ենք համոզելու արվեստի մասին. թեման շատ կարևոր է կյանքի բոլոր բնագավառներում, մանավանդ՝ մեր ժամանակներում: Համոզելու արվեստը հիմնված է Արիստոտելի ուսմունքի վրա: Այս գիտությունն ունի 2000 տարվա պատմություն. այն չի փոխվել, փոխվել են մոտեցումները, և մենք պետք է կարողանանք տիրապետել այդ նրբություններին, ինչը հաջողության գրավականը կլինի յուրաքանչյուր երիտասարդ քաղաքական գործչի համար»,-ավելացրել է Լ. Մակունցը:
 
Ըստ նրա՝ Արցախի և Մայր Հայաստանի երիտասարդները պետք է մշտապես կապի մեջ լինեն, որովհետև դա ինքնին նոր ծանոթությունների, նոր լիցքեր ստանալու, փորձի, ունեցած ներուժի բացահայտման հարթակ կարող է հանդսանալ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ևս կարևորել են արցախցի երիտասարդների հետ բաց և անմիջական շփումները, որը կնախանշի հետագա համատեղ անելիքները:
 
Քննարկմանը ներկա էին նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամներ, պետական այրեր, ՔՄԴ կուսակցության և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 

  • Կիսվել: