երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իմ խնդրանքն է Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ զանգեք Արցախում ապրող ձեր բարեկամներին. Վրթանես Սրբազան

Իմ խնդրանքն է Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ զանգեք Արցախում ապրող ձեր բարեկամներին. Վրթանես Սրբազան

Բոլորը քաջատեղյակ են Արցախում տիրող վիճակից։ Իրոք, բավականին ծանր կացության մեջ ենք՝ այն իմաստով, որ Ադրբեջանը քայլ առ քայլ սեղմում է օղակը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 
«Այս իրավիճակում նրանք, ովքեր կամքից ուժեղ են, կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը ու չկոտրվել։ Բայց, բնականաբար, արդեն ավելի քան վեց ամիս տևող պաշարման պայմաններում բոլորը չեն, որ կարողանում են միշտ սթափ դատել․ հոգով տկարներ էլ կան։ Ըստ այդմ՝ շատ կարևոր է, որ այս դժվարին փուլում Հայաստանում և Սփյուքում ապրող մեր հայրենակիցներն անտարբեր չգտնվեն և ցույց տան, որ Արցախի իրենց քույր-եղբայրների կողքին են։ 
 
Իմ խնդրանքն է, որ Հայաստանի, Սփյուռքի մեր հայրենակիցները հեռախոսները վերցնեն ու զանգեն Արցախում ապրող իրենց բարեկամներին, ծանոթներին, ընկերներին․․․ Մարդիկ շատ են զգում այդ ուշադրության, արձագանքի կարիքը։ Երբ մտավորականները, հասարակության կողմից հարգված, ճանաչված մարդիկ ահազանգում են արցախահայության կացության մասին, այստեղ ապրողները սփոփվում են, որոշ չափով մխիթարվում, իսկ երբ դադար են վերցնում ու անտարբերություն ցուցաբերում, մարդիկ ընկճվում են, մտածում են, որ մենակ են մնացել․․․ Ինձ էլ, որ տարբեր տեղերից զանգում են, ոգևորվում եմ»,- ասում է Սրբազանը։
 
Ադրբեջանի ագրեսիվ ու ծրագրավորված հայատյաց քաղաքականության դիմաց մեր խիստ պասիվ գործելաոճն Արցախի թեմի առաջնորդն անթույլատրելի է համարում։ Թշնամու հետզհետե ավելացող ագրեսիայի պատճառներից մեկը համարելով Արցախին թիկունք չկանգնելու Հայաստանի պահվածքը՝ Սրբազանը ցավով նկատում է՝ սխալ ճանապարհով ենք գնում։
 
«Մենք լրջորեն պետք է մտածենք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ․ կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնեինք, դառնայինք թելադրող․․․ Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել ։ Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է։ Սա այն հարցն է, որ պետք է կուսակցական հայացքները մի կողմ դնել ու համախմբվել։ Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում։ Միայն պառակտվածությանը վերջ տալով կարող ենք փրկել Արցախը»,-շեշտում է Սրբազանն ու հավելում՝ իշխանական, թե ընդդիմադիր, օր առաջ Արցախի փրկության գաղափարի շուրջ պետք է համախմբվեն։
 
Մարդու իրավունքների մասին բարձրագոչ հայտարարություններով հանդես եկող Եվրոպային Արցախում տիրող հումանիտար աղետի մասին փաստող նյութերով գործողությունների դրդելու անհրաժեշտություն է տեսնում նաև Սրբազանը։ Հիշատակելով Արցախում ապրող 120 հազար մարդու՝ արդեն ավելի քան վեց ամիս շարունակ տարրական իրավունքներից զրկված լինելու հանգամանքը՝ Արցախի թեմի առաջնորդը նկատում է՝ Ադրբեջանն իր նավթադոլարներով կարողանում է հասնել իր ուզածին։ Այս դեպքում մենք առնվազն իրականության մասին անդադար պետք է բարձրաձայնենք, ահազանգենք հնարավոր բոլոր հարթակներում։
«Արցախի հարցի կարևոր կողմերից մեկը մշակութային, կրոնական ժառանգությունն է։ Ադրբեջանը ջանք չի խնայում կեղծելու պատմությունը, յուրացնելու հայկականը։ Ի հակառակ ադրբեջանցիների կողմից շրջանառության դրված, այսպես կոչված, «աղվանաուդիական» թեզերի, որոնք փորձում են հրամցնել միջազգային հանրությանը, մենք պետք է ընդամենը հակադրենք փաստերը։ Բավական է ուղղափառ եկեղեցու հանրագիտարանից դուրս բերենք Դադիվանքի մասին հիշակատությունները, և ադրբեջանցիների բերանը կկարողանանք փակել»,-վստահեցնում է Սրբազանը։
 
Արցախի թեմի առաջնորդի համոզմամբ՝ եթե ամեն մեկս մեր տեղում, մեր հնարավորությունների սահմանում նաև տեղեկատվական մակարդակում աշխատենք ոչ թե միմյանց՝ այլ թշնամու դեմ, ապա կկարողանանք նորից մեր երազած Արցախն ունենալ։

  • Կիսվել: