հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ի՞նչ պարենային ապրանքատեսակների ու դեղորայքի սղություն է արձանագրվել վերջին դիտարկումների արդյունքում

Ի՞նչ պարենային ապրանքատեսակների ու դեղորայքի սղություն է արձանագրվել վերջին դիտարկումների արդյունքում

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից շարունակվում են Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

«Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն սննդամթերքի և դեղորայքի կանոնավոր մատակարարում չի իրականացվում: Դեկտեմբերի 28-ի դրությամբ, Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների առևտրային օբյեկտներում իրականացված դիտարկումների արդյունքներով նկատվում են բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի, ձկնեղենի և ծխախոտի որոշակի տեսակների պակաս, իսկ որոշ ապրանքատեսակներ գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ, ձավար, աղ, բանջարեղեն և մրգեր։ Լրիվությամբ բացակայում են երշիկ և նրբերշիկ ապրանքատեսակները»,-մանրամասնել է վարչության պետը։

Անդրադառնալով առաջնահերթ ապրանքատեսակների գների փոփոխությունների հարցին, նա հավաստիացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հանձնաժողովի կողմից առևտրային օբյեկտներում ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները թույլ են տալիս վերահսկելու շուկայում առկա ապրանքների իրացման գների յուրաքանչյուր փոփոխություն:

«Նկատելի է տնտեսավարող սուբյեկտների բարձր պատասխանատվությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ համագործակցելու կառավարության հետ: Տնտեսավարողները գիտակցում են, որ նման պայմաններում ուղղակի ամոթալի է իրականացնել գների արհեստական բարձրացումներ: Ներկայումս, շուկայում արդեն բացակայում են ավելի մատչելի ապրանքատեսակները և Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտարկումներում ֆիքսվում են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով»,-հավելել է Հ. Ավթանդիլյանը:

Ի՞նչ վերաբերում է դեղամիջոցների խնդրին, ապա, ըստ Հանձնաժողովի ՏՄՊ վարչության պետի, շրջափակումից հետո զգացվում էր ճնշման, ջերմիջեցնող ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական կերերի և տակդիրների պակաս:

«Նշեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սահմանափակ քանակությամբ ստացված դեղորայքը տեղաբաշխվել է Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների դեղատներում, այնուամենայնիվ նկատվում է հակաբիոտիկ որոշ դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների պակաս»,-ասել է նա:

Խոսելով գների անհիմն բարձրացման մասին, Հ. Ավթանդիլյանն ընդգծել է, որ դրանց վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և Հանձնաժողովի կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում, արդյունքների մասին տեղեկացնելով նրանց: Ըստ ոլորտի պատասխանատուի՝ Հանձնաժողովը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել դեղատների ղեկավարության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության Ներկայացնելով դիտարկումների արդյունքում բանջարեղենի և մրգերի շուկայում արձանագրված արդյունքները, Հրաչ Ավթանդիլյանը նշել է, որ դրանց գերակշիռ մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից, և շրջափակման հետևանքով այժմ առկա է բանջարեղենի և մրգերի դեֆիցիտ, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, կաղամբի, խնձորի և ադամաթուզի:

«Հանձնաժողովի և օպերատիվ շտաբի թեժ գծերի միջոցով պարբերաբար ստանում ենք բողոքներ, երբ քաղաքացիների կողմից փորձեր են արվում իրենց մոտ առկա բանջարեղենը իրացնել շուկայականից անհամեմատ բարձր գներով: Բոլոր դեպքերում Հանձնաժողովի կողմից համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում, պարզելու բողոքների իսկությունը, իսկ այն դեպքերում երբ բողոքները հիմնավոր են, արձանագրվում են, տրվում է նախազգուշացում, և նման անբարեխիղճ վարքագիծ կրկին դրսևորելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ»,-եզրափակել է Հանձնաժողովի ՏՄՊ վարչության պետը:

  • Կիսվել: