չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ի՞նչ է արձանագրվել Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների դիտարկումների արդյունքում

Ի՞նչ է արձանագրվել Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների դիտարկումների արդյունքում

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակման պայմաններում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների փոփոխության, դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ ամենօրյա դիտարկումների վերաբերյալ «Արցախպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

Հարց ու պատասխնը ստորև.

-Ինչ են ցույց տվել Հանձնաժողովի ամենօրյա դիտարկումները՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակումից հետո մասնավորապես վերջին 2 օրերին ինչ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պակաս է զգացվում, դրանցից որոնք են իսպառ բացակայում և որոնք են սպառման եզրին:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իր գործառույթների շրջանակներում ամենշաբաթյա կտրվածքով իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումներ, և ներկայումս՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից այդ դիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: 

Դեկտեմբերի 22-ի դրությամբ, Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներառևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու: 

-Նախորդ (նախավերջին) դիտարկման և նախաշրջափակման ժամանակահատվածի համեմատ՝ ինչ առաջնահերթ ապրանքատեսակների գներ են փոփոխություններ կրել ,  որքանո՞վ  են նվազել կամ աճել (եթե կան) և ինչո՞վ  են պայմանավորված:

-Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ, նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը: Ոչ ոք չի պատրաստվում ստեղծված իրավիճակից օգտվելով իրականացնել գնային անհիմն բարձրացումներ, այնուամենայնիվ Հանձնաժողովը հետևողական է և մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու և գնաճը վերահսկելու նպատակով շարունակում է ամենօրյա դիտարկումները:                                 Հանձնաժողովը խնդրում և հորդորում է հանրությանը անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Հանձնաժողովին:

-Ինչ կարևոր դեղամիջոցներ են բացակայում  կամ սպառման եզրին:
Դեղամիջոցների գներ աճե՞լ են:

-Հանձնաժողովի կողմից ամենօրյա ռեժիմով դիտարկումներ են իրականացվում նաև Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում՝ վերահսկելու և թույլ չտալու դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների իրացման գների անհիմն բարձրացումները: Իրականացված դիտարկումների արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում՝ հանրության տեղեկացվածությունն ապահովելու նպատակով: Գների անհիմն թանկացման վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում, արդյունքների մասին տեղեկացնելով վերջիններիս: Հանձնաժողովի կողմից բացատրական աշխատանքներ են տարվում դեղատների տնօրինության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիների բողոքները հիմնավոր չեն և դեղատան կողմից չէր իրականացվել գնի բարձրացում, այսինքն իրացման գնի թվացյալ փոփոխությունը պայմանավորված է ապրանքանիշերի, դրանց փոխարինողների, ծագման երկրի և դեղաչափերի  տարբերությամբ: Իսկ այն դեպքերում, երբ բողոքները հիմնավոր են, Հանձնաժողովը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կիրառում է պատասխանատվության միջոց: 

-Ի՞նչ իրավիճակ է միրգ-բանջարեղենի ապրանքային շուկայում՝ գների փոփոխություններ, ապրանքատեսակների  առկայություն:

-Ամենօրյա դիտարկումներ իրականացվում են նաև միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում: Նախքան շրջափակումը Հանձնաժողովի կողմից մոնիթորինգների ընթացքում ֆիքսվում էին բանջարեղենի և մրգերի ավելի մատչելի տեսականիների իրացման գները, և արդեն ավելի էժան ապրանքատեսակների բացակայությամբ պայմանավորված, ֆիքսվում են որակապես ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ իրացման համապատասխան գներով: Քանի որ մրգերի և բանջարեղենի մեծ մասը ներմուծվում էր Հայաստանի Հանրապետությունից, ներկայումս՝ հայտնի պատճառներով պայմանավորված, զգացվում է վերոնշյալ ապրանքային շուկայում իրացվող գրեթե բոլոր ապրանքների պակաս: 

Հավելեմ, որ նմանատիպ դիտարկումներ իրականացվում նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում:

  • Կիսվել: