հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ի՞նչ արդյունքներով ու խնդիրներով է ամփոփում անցնող տարին Ասկերանի շրջանը. մանրամասնում է շրջվարչակազմի ղեկավարը

Ի՞նչ արդյունքներով ու խնդիրներով է ամփոփում անցնող տարին Ասկերանի շրջանը. մանրամասնում է շրջվարչակազմի ղեկավարը

Հետպատերազմյան շրջանում շինարարական աշխատանքներն ուղղված են ռազմական գործողությունների հետևանքով առավելապես ծանր վնասներ կրած պետական սեփականություն հանդիսացող հասարակական և այլ նշանակության շենք-շինությունների, ուսումնական հաստատությունների, առանձնատների վերանորոգմանն ու վերակառուցմանը, որոնք Ասկերանի շրջանում արդեն ավարտական փուլում են գտնվում։

Այս մասին «Արցախպրեսի»-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկացրել  է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին ու անելիքներին: «Բոլոր ծրագրեր իրականացման գործընթացում առաջնահերթությունը տրվել է տեղահանված և մեր շրջանում բնակություն հաստատած հայրենակիցներին, նրանց կենցաղային պայմանների բարելավմանը։ Այս տարի Ասկերան քաղաքում շահագործման է հանձնվել 3 բազմաբնակարան շենք։ Ներկայումս ակտիվ փուլում են գտնվում նոր բնակելի շենքերի և առանձնատների շինարարական աշխատանքները։ Շրջանի տարածքում կառուցվում են նոր թաղամասեր, որի արդյունքում կունենանք 1850-ից ավելի բնակելի տներ` Ասկերան քաղաքում, Իվանյանում, Նորագյուղում, Այգեստանում, Խնածախում, Հովսեփավանում, Կարմիր գյուղում, Խաչմաչում, Քռասնիում և Աստղաշենում»,-հավելել է շրջվարչակազմի ղեկավարը՝ նշելով, որ բնակարանաշինությունն իրականացվել է ինչպես պետական, այնպես էլ առանձին բարեգործական ծրագրերով։ 

49.jpg (58 KB)
Ըստ Հ. Ապրեսյանի՝ լայնածավալ բնակարանաշինությանը զուգընթաց, Ասկերանի շրջանում ասֆարտապատվել են հանրապետական, շրջանային և համայնքային նշանակության մի շարք ճանապարհներ, աշխատանքներ իրականացվել՝ Պատարա և Հիլիս ջրամբարների կառուցման, Պատարայից Ստեփանակերտ խմելու ջրի խողովակաշարի անցկացման և շրջանի մի շարք համայնքներ խմելու մշտական ջրով ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվում  Կարկառ գետից սնվող «Սովետարխ» ջրանցքի ակունքի և ջրագծերի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում ոռոգման ջրով կապահովվի ավելի քան 2000 հեկտար տարածք։ 
Ընթացքում են մի շարք համայնքներ խմելու մշտական ջրով ապահովելու, Նախիջևանիկի համայնքում մանկապարտեզի նոր շենքի կառուցման, իսկ Խրամորթում՝ դպրոցական շենքի տանիքի փոխարինման աշխատանքները։ 
 
Խոսելով կրթական ոլորտում իրականացված ծրագրերից ու անելիքներից, շրջվարչակազմի ղեկավարը հայտնել է, որ շրջանում գործում է 19 միջնակարգ, 7 հիմնական և 2 մասնաճյուղ դպրոց։ 

«Աշակերտների  թվի  աճ տեղի է ունեցել տարհանված և մեր շրջանում բնակություն հաստատած ընտանիքների երեխաների հաշվին։ Դպրոցների շենքային պայմանները հիմնականում, բավարար է գնահատվում, բացառությամբ մի քանիսի։ Խոսքը մասնավորապես Խնապատի միջնակարգ դպրոցի մասին է, որի վերանորոգման աշխատանքները սկսված են և ընթանալու են փուլ առ փուլ։ Իսկ Խնածախի և Նախիջևանիկի դպրոցական շենքերը վերանորոգելու նպատակով նախագծա-նախահաշվային փաստաթղթերը գտնվում են մշակման փուլում»,-ասել է Հ. Ապրեսյանը՝ որպես կրթական ոլորտի ձեռքբերում նշելով  Ասկերան քաղաքում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը, ուր հաճախում են նաև  հարակից բնակավայրերի աշակերտներ։

Անդրադառնալով  պատերազմից հետո ենթակառուցվածքների վերանորոգմանը՝ շրջվարչակազմի ղեկավարն ընդգծել է, որ այդ աշխատանքներն առաջնահերթ են եղել և այժմ ենթակառուցվածքները գործում են անխափան՝ չհաշված եզակի այն դեպքերը, երբ կատարվում են վերանորոգման պլանային աշխատանքներ:

Մեր զրուցակցի խոսքով՝ շրջանի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ 

«Լայն թափով սկսել է զարգանալ ջերմոցային տնտեսությունը։ Շրջանում գործող ջերմատների քանակը 138 է: Այս ուղղությամբ, բացի պետական աջակցությունից, ունենք նաև բարեգործական ծրագրեր, որոնք նպաստում են նշված ճյուղը զարգացնելուն, ինչու չէ նաև բերքի ու բարիքի բազմազանություն ստեղծելուն։ Նպատակն է՝ ունենալ պարենային պաշարների այնպիսի խմբաքանակ, որը թույլ կտա մեզ նույնիսկ արտահանել բերքը»,-ասել է Ասկերանի շրջանի ղեկավարը՝ հայտնելով նաև, որ  անցնող  տարում բարեգործական տարբեր հիմնադրամների կողմից` գյուղատնտեսությունը խթանելու նպատակով, շրջանի մի շարք համայնքներում հիմնվել է 51 ջերմատուն, տարեվերջին նախատեսվում է ևս 35-ը, բնակիչներին բաժանվել է 30 հազարից ավելի տնկի և 1 միլիոնից ավելի սածիլ։

Ըստ Ապրեսյանի՝ բանջարանոցային մշակաբույսերով, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող և նոր այգիներ հիմնադրող մի շարք դիմումատուների պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել են դրամաշնորհներ։ Պետական աջակցության ծրագրերը գործել են նաև անասնապահության ոլորտում։ 

«Շրջանում, ընդհանուր առմամբ արձանագրվել է մանր և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի որոշակի անկում, փոխարենն ավելացել է խոզերի և թռչունների թվաքանակը»,-մանրամասնել է Համլետ Ապրեսյանը: 

Առկա խնդիրներից նա  առանձնացրել է շրջանի բնակիչների բնակարանային պայմանների բարելավումը, նոր դպրոցների կառուցման և հասարակական նշանակության այլ օբյեկտների վերանորոգման ու վերազինման հիմնախնդիրները, անվտանգության ապահովումը։

  • Կիսվել: