երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հոգեկան առողջության թեժ գծին ավելի շատ դիմում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք

Հոգեկան առողջության թեժ գծին ավելի շատ դիմում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք

Հոգեկան առողջություն`ի՞նչ գիտենք դրա մասին, արդյոք հասկանում ե՞նք, թե որքան կարևոր է այն մեզնից յուրաքանչյուրի կյանքի որակի և այդ կյանքը լիովին  ապրելու տեսանկյունից, գիտե՞նք արդյոք, որ Հայաստանում գործում է հոգեկան առողջության թեժ գիծ, որն արդեն տարիներ շարունակ առաջին հոգեբանական աջակցություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր ունեն մասնագետների հետ խոսելու և որակյալ ուղղորդում ու օգնություն ստանալու կարիք:

Վերը նշված բոլոր հարցերի պատասխանները փորձել ենք բացահայտել հոգեբան Լուսինե Բաբայանի հետ զրույցում, ով հոգեկան առողջության թեժ գծի (060-834-777) առաջատար մասնագետներից է և համակարգում է ծառայության աշխատանքը: 

Զրույցը սկսեցինք հենց ակունքներից, հետաքրքրվեցինք` ինչպե՞ս և ինչո՞ւ հոգեբանը որոշեց միանալ թեժ գծին: Պատճառն այն է, որ նա հասկացել էր՝ կարող է օգտակար լինել այս ոլորտում: Պատերազմի, կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնում էին մարդկանց հաղթահարել հոգեբանական խնդիրները, բայց թեժ գծի միջոցով մարդիկ զանգում էին ոչ միայն հոգեբանական հարցերով, այլ նաև տեղեկատվություն ստանալու համար: Այնպես որ շատ անհրաժեշտ էր, որ անմիջապես հոգեբան-մասնագետներն աշխատանք տանեն: Այդպես թեժ գիծը դարձել էր այն հարթակը, որտեղ Լուսինե Բաբայանը պետք է ներդրում ունենար:

Խոսեցինք նաև այսօր Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, հետաքրքրվեցինք` ի՞նչ վտանգներ ու ռիսկեր է տեսնում թե՛  փախստականների, թե՛ նրանց ընդունող բնակչության հոգեկան առողջության համար: «Գիտեք` սկզբում 88-ի երկրաշարժն էր, հետո` դժվար 90-ականները, պատերազմը, հետո ինչ-ինչ տարբեր պատճառներ, այս ամենի հետևանքը երկարատև սթրեսն էր, որը բերել է նրան, որ հատկապես մեծահասակների մոտ նվազել է սթրեսակայունությունը: Իսկ հիմա,  Լեռնային Ղարաբաղից  բնակչության բռնի տեղահանման իրավիճակի հետ կապված, խնդիրները շատացել են: Այսինքն` հասարակությունը տարիներ շարունակ ապրել է դժվար իրավիճակներ, և այսօր արդեն սթրեսը կուտակային է», - պարզաբանեց Լուսինե Բաբայանը` հավելելով, որ սովորաբար հոգեբանական խնդիրները չեն առաջանում հանկարծակի ու պատահական․ դրանք, որպես կանոն, երկարատև խնդիրներ են, որոնք պարզապես ժամանակի ընթացքում խորանում են և ինչ-որ պահերի արդեն իրենց մասին լսել են տալիս:

Դե իսկ իրավիճակով պայմանավորված` այս պահին թեժ գծին ավելի շատ դիմում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները` ուղղորդումների համար. մարդիկ ունեն  հարցեր, չգիտեն` ում և ինչպես դիմել: «Բռնի տեղահանումից երեք ամսից ավել ժամանակ է անցել, այնպես որ արդեն սպասում ենք ավելի շատ հոգեբանական խնդիրների աճի, քանի որ սկզբնական շրջանում մարդիկ զբաղված են սոցիալական հարցերով, տեղավորվելով, այսպես ասած դեռ «տաք» են», - նշեց հոգեբանը:

Տեղեկացանք նաև, որ զանգերի ժամանակ հաճախ բարձրաձայնվող խնդիրներից են տագնապային վիճակները, տագնապային գրոհները: Այս դեպքում թեժ գծի մասնագետները փորձում են օգնել կամ մարդկանց ուղղորդել համապատասխան կենտրոններ, կլինիկաներ:

Հարցերի շարքում գերակայում են նաև երեխաների հետ կապված խնդիրները, շատ են զանգերը նաև հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանցից կամ նրանց հարազատներից: Այստեղ կրկին մարդիկ բախվում են խնդիրների, բայց չգիտեն` ում դիմել, որտեղից ստանալ օգնությունը կամ ինչպես կազմակերպել ոստիկանություն-շտապ օգնություն համագործակցությունը: «Այստեղ կարևորն այն գիտակցումն է, որ եթե ընտանիքի անդամը զանգահարում է ու իր ընտանիքի մյուս անդամի համար օգնություն է խնդրում, սովորաբար ինքը նույնպես ունի օգնության կարիք: Եվ մենք փորձում ենք այս դեպքում օգնել նաև նրան։ Ընդհանրապես, պետք չէ խուսափել հոգեբանական աջակցությունից: Եթե կա խնդիր, որը չգիտես, թե ինչպես լուծել, եթե կա հարց, որի պատասխանը չես գտնում, եթե զգում ես, որ ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունես, բայց չես ուզում դիմել հարևանին, ընկերոջը, բարեկամին, ապա կարող ես դիմել թեժ գծին:  Ցանկացած խնդիր ունի լուծում․ հոգեբանական թեժ գիծը կարող է օգնել», - ասաց Բաբայանը։

Բնական է, որ հոգեբանական աջակցության նուրբ թեման քննարկելիս՝ չէինք կարող շրջանցել խարանի թեման: Հարցին, թե ինչպես է խարանն ազդում հոգեսոցիալական աջակցության դիմելու վրա, Լուսինեն տվեց հուսադրող, բայց դեռևս մտահոգիչ պատասխան. «Կարծում եմ` այդ թվում հոգեբանական ծառայությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ մարդիկ սկսեցին հասկանալ, որ հոգեբանին դիմելը նորմալ պրակտիկա է: Բայց խարանը դեռ կա, իհարկե, և դա չափազանց խանգարող հանգամանք է այն առումով, որ հակառակ պարագայում մարդուն կարող ես օգնել հենց սկզբից, որպեսզի  չբարդանա, չխորանա խնդիրը: Բայց խարանից վախենալով՝ մարդիկ սպասում են, շատ երկար տանջվում են, տևական ժամանակ թողնում են, որ իրենց կյանքի որակը վատթարանա, ու հետո նոր վերջապես դիմում են մասնագիտական օգնության ու բացահայտում, որ շատ հարցեր շատ ավելի արագ կարելի էր լուծել, եթե ավելի վաղ դիմեին»:

Ոլորտում աշխատելը, իրավամբ, ծանր ու խիստ պատասխանատու գործ է, որը պահանջում է մշտական վերապատրաստում: Զրույցից հասկացանք, որ այս հարցին էլ թեժ գծի մասնագետները խիստ պատասխանատու են մոտենում: «Սովորելը միշտ կարևորում եմ․ ցանկացած տարիքում սովորելը երբեք ավելորդ չէ: Այսպես, բոլորովին վերջերս մասնակցել ենք ԱՀԿ-ի կողմից թեժ գծի համար անցկացվող դասընթացներին, որոնք հետաքրքիր ու կիրառական էին, քանի որ ոչ միայն տեսական գիտելիքներ էինք ստանում, այլ նաև ուսումնասիրել և վերլուծել ենք իրական դեպքեր, ստացել ենք բազում հարցերի պատասխաններ։ Շատ գնահատելի է, որ մեզ աջակցում են»,- ասաց  մասնագետը` նշելով, որ միջազգային ընդունված պրակտիկային համապատասխանող բարձրակարգ մասնագետները մշտապես ունենում են սուպերվիզիաներ,  որոնք պարտադիր են և նույնպես հանդես են գալիս որպես կատարելագործման գործիք:  

Հաճելի ու օգտակար զրույցն ավարտեցինք մասնագետի խորհրդով․ «Առաջին հերթին, երևի, պետք է սովորել պահպանել տեղեկատվական հիգիենան, այսինքն` նվազեցնել բացասական ինֆորմացիայի սպառման ծավալները: Հասկանում եմ, որ հնարավոր չէ ամբողջությամբ կտրվել աշխարհից, բայց նվազեցել սպառման ծավալը, հնարավոր է:  Պետք է աշխատել մեր կյանքի որակը բարձրացնելու վրա, ընդ որում` յուրաքանչյուրս դա հասկանում է յուրովի․ մեկի համար դա լավ գիրքն է, մեկի համար սուրճը, մեկի համար ճամփորդությունը...»։

  • Կիսվել: